Աղավնոյի հայկական տների լույսերը մարում են. գյուղը երեկվանից զրկվել է հոսանքից ու կապի բոլոր միջոցներից:
«Այսօր ամուսինս Տեղ գյուղ ա գնացել, մի քանի րոպեով կապ եմ ունեցել էդ ա եղել։ Գիտեմ, որ գյուղում հոսանք չկա, ինտերնետ կապը՝ վիշկան հանել են, ոնց հասկացա, այսինքն՝ բոլոր կապի միջոցները վերացել են գյուղից», - «Ազատությանը» փոխանցեց Աղավնո համայնքի բնակիչ Մելինե Բաղդագուլյանը։
Ամեն կարկուտի դիմանում ենք, ասում է Մելինե Բաղդագուլյանը։ Նա 4 երեխաների հետ՝ ամենափոքրը ընդամենը 40 օրական է, վարձով տուն են գտել Գորիսում, բայց ամուսինը, մյուս հարազատները դեռ Աղավնոյում են։
«Ընտանիքներ դեռ գյուղում կան, որ դուրս չեն եկել առայժմ, բայց դուրս են գալու։ Մարդիկ ուղղակի վեշը տեղափոխելու խնդիրներ ունեն, մեքենաների խնդիրներ է առաջանում՝ վեշ տեղափոխելու համար։ Գյուղում դեռ բնակչություն կա, հայերը դեռ այնտեղ են՝ ապրում են», - ասաց Մելինե Բաղդագուլյանը։
Տարհանվող գյուղի 177 բնակիչները տեղեկացվել էին, որ օգոստոսի 20-ից ջուր, հոսանք, կապ անջատվելու են, բացատրել էին՝ Աղավնոն օգոստոսի 25-ին է հանձնվելու Ադրբեջանին, բայց ենթակառուցվածքներն էլ պետք է տարհանվեն, ամեն ինչ ավելի արագ է տեղի ունենում։ Գյուղից հեռացած կանայք այժմ կապ չեն կարողանում հաստատել Աղավնոյում մնացած իրենց տղամարդկանց հետ։
«Հոսանք չկա, ջրերն անջատած, կապը չկա, ոչ մի բանը չկա», - ասաց Աղավնոյի բնակիչ Էմմա Իսախանյանն, ով նույնպես Գորիսում է արդեն։ Աղավնոյից հեռանալիս նա հասցրել է հրդեհել տունը։ Այս պատերազմում որդուն կորցրած մայրը ասում է՝ հիմա հանգիստ է։
«Տներս պաժառ եմ տվել, նոր դուրս եկել, եկել Գորիս։ Իմ սեփական տունը, իմ տղայիս, ամուսնուս սարքած՝ իմ տանջանքով, 30 տարվա արածս՝ լրիվ, խիղճս հանգիստ հիմա նստած եմ։ Ես որոշել էի՝ եթե չկարողանայի վառել, ինձ կվնասեի, փառք Աստծո, որ կարողացա», - ասաց Իսախանյանը։
Աղավնոյում երեք ընտանիք է հրդեհել տունը, առաջինը երկու օր առաջ էր։ Էմմա Իսախանյանն ասում է՝ այդ օրվանից հրշեջ մեքենան ու ոստիկանները մտան գյուղ, խիստ հսկողություն են սահմանել․ - «Ամեն մի բնակչի վրա մի ոստիկան կա»։
Ինքը հրդեհելու օպերացիան հաջողությամբ է ավարտել, քանի որ, պատմում է, գործողությանը նախապես էր պատրաստվել, առաջին բոցերի հետ՝ հեռացել է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղավնոյի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պիտի հեռանան գյուղից