Մատչելիության հղումներ

«Միգուցե չվառենք տունը, միգուցե վառենք, ամեն դեպքում մեր սրտով չի». Աղավնոն դանդաղ մոտենում է վերջնաժամկետին


=
=

Աղավնոյի բնակիչներից Արամ Իսախանյանն իր կիսադատարկ սենյակները բենզին է լցրել, գիտի՝ տունն այրելուց հետո գուցե փոխհատուցում չստանա։ Ասում է՝ այնքան թանկ բաներ է թողնում Աղավնոյում, ի՞նչ սերտիֆիկատ։

Աղավնոյի այս բնակիչը հեռացել է գյուղից, իսկ տունը, այնուամենայնիվ, ամբողջությամբ չի հրդեհվել։

«Բայց ափսոս, որ չի վառվել։ Հիմա ով ուզում է՝ նեղանա, ով չի ուզում՝ թող չնեղանա, ես թուրքին տալու ոչինչ չունեմ։ Որ ես պետք է իմ երեխու սպանողին տուն տամ, որ գա բնակվի, ավելի լավ է՝ ես ինքս այդ նույն բենզինը լցնեմ ինձ վրա, վառվեմ, պրծնեմ», - ասում է Արամի տատիկը՝ Էմմա Իսախանյանը։

Տիկին Էմմայի որդին էլ զոհվել է արցախյան վերջին պատերազմում։ Ընտանիքն Աղավնոյում առայժմ միակն է, որ փորձել է կրակի տալ տունը հեռանալուց առաջ։ Այն օրը, երբ գյուղի բնակիչները տեղեկացան, որ պետք է տարհանվեն, միաժամանակ նաև հորդոր ստացան Արցախի իշխանություններից՝ չվնասել չհրդեհել տները, հակառակ դեպքում չեն ստանա բնակարանի գնման վկայագիր։

«Միգուցե չվառենք, միգուցե վառենք, ամեն դեպքում եթե չվառենք էլ, մեր սրտով չի, որ մենք թողենք, թուրքը գա, վայելի մեր տանջանքները», - ասում է մեկ այլ բնակիչ Ալիկ Բլբուլյանը։

Ամեն դեպքում Աղավնոյում հսկողությունն ուժեղացվել է, գյուղի մուտքի մոտ ռուս խաղաղապահները նոր հսկիչ անցակետ են տեղադրել։

Գյուղի հանձնմանը 9 օր է մնացել։

«Չես իմանա երբ ու որ կողմից կմտնեն ադրբեջանցիները», - զգուշանում է Անի Հովսեփյանը, որ Աղավնոյում երեք երեխա է մեծացնում. «Չնայած ռուսները խոսացել են, որ մինչև վերջին հայը դուրս չգա, իրենք թույլ չեն տա ստեղ ազերի (ադրբեջանցի-խմբ.) մտնի»։

Աղավնոյում հիմնական մասն արդեն տեղափոխել է իրերը։ Մանկահասակ երեխաներ ունեցողները շտապում են օգոստոսի 25 ից էլ շուտ դուրս գալ, արդեն տեղեկացել են՝ 20 ից հետո ջուր, լույս ու կապի միջոց չեն ունենալու։

«Իրերը հավաքել ենք, բեռնատարով արդեն դուրս է գալիս, մենք էլ տանենք, դատարակենք, հետ կգանք։ Մենք Էջմիածնում ենք տուն գտել վարձով», - նշում է նա։

Անին ասում է՝ բեռնափոխադրողները Աղավնոյի բնակիչների իրերը տեղափոխելու համար պահանջում են ճիշտ այնքան գումար, որքան օրեր առաջ ստացել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեից. « 200-250 հազար, հաշվի չեն առնում, որ միգուցե մեկը երկու անգամվա փոխադրելու իրեր ունի, մի անգամվանը կարանք տանենք, մյուսը կմնա»։

Կան բեռնափոխադրողներ, որ եկել են գյուղ ու պատրաստ են անվճար օգնել մարդկանց, բայց Անին ասում է՝ դրանք մեծ բեռնատարներ չեն, օգտվել են նրանք, ովքեր տեղափոխելու քիչ բան ունեն։

Աղավնոն դանդաղ մոտենում է վերջնաժամկետին։ Արցախի տարածքային կառավարման նախարարությունից ասում են՝ մինչև 25-ը բնակարանների գնման հավաստագրերը կտրամադրեն Աղավնոյի բնակիչներին, իսկ Բերձորի ու Սուսի տեղահանվածները պետք է մի քիչ էլ սպասեն Բերձորից ու Սուսից դուրս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG