ԱՄՆ-ը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք կշարունակենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության համախոհների հետ, և, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, օգնելու երկրներին հասնել երկարաժամկետ համապարփակ խաղաղության», - ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Այսպիսով, մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջին մարտերի առնչությամբ, որոնք հանգեցրել են մարդկային զոհերի և վիրավորների։ Մենք կոչ ենք արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ կողմերի միջև լարվածությունը թուլացնելու և հետագա սրումը կանխելու համար։ Մենք կարծում ենք, որ լարվածության վերջին աճն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն լուծման անհրաժեշտությունը»,- ասել է Նեդ Փրայսը` ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում կողմերի հետ աշխատանքը շարունակելուն:
Հարցին, թե տեսնո՞ւմ է արդյոք հնարավորությունների նույն մակարդակը, որ տեսել են երեք շաբաթ առաջ և որքանո՞վ է մարել այդ հնարավորությունը, Փրայսը պատասխանել է․ - «Մենք միշտ գիտակցել ենք, որ սա երբեք գծային գործընթաց չի լինելու: Մենք հավատում ենք, որ շարունակական երկխոսության, շարունակական ներգրավվածության միջոցով, այդ թվում՝ բարձրագույն մակարդակներում, մենք կկարողանանք անել ամեն ինչ՝ օգնելու այդ երկարաժամկետ համապարփակ խաղաղության առաջխաղացմանը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինչպե՞ս Արցախ տանող նոր ուղու հարցը Բաքուն լուծեց իրեն ձեռնտու ժամկետում