Հրդեհը մեկուսացվել է, պարզվում է 16 զոհից 6-ի ինքնությունը․ փոխնախարար

Կա 16 զոհ, 6 հոգու ինքնությունն է հիմա պարզվում, առավոտյան «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ նշելով որ անհետ կորածների թիվն 9-ն է։

«Հայտնաբերվել են երեք մեծահասակ կին և մեկ երեխա, ինքնությունները պարզելու պրոցես է ընթանում, խոսքն, ըստ երևույթին, վերաբերում է հենց հղի կնոջը։ Հստակ չէ, բայց կարծում ենք, որ էդպես է», - ասաց փոխնախարարը։

Երեկ հայտնի դարձավ, որ անհետ կորածների թվում նաև հղի կին կա, նրա հարազատներն ասում էին, որ փլատակների տակից առևտրի կենտրոնի աշխատակիցներից մեկն է զանգել ու տեղեկացրել՝ նկուղում ինքը հղի կնոջ, 5 տարեկան երեխայի հետ է։ Անհետ կորած հղի կնոջ հարզատները դժգոհում էին, որ իրենց հարազատներին դեռ չեն գտել։

Հրդեհն ամբողջովին մեկուսացվել է, այսօր նշեց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ ըստ էության, հրդեհաշիջման աշխատանքներ չկան, հիմա առավելապես կենտրոնացած են որոնողա-փրկարարական աշխատանքների վրա։

Երեկ երեկոյան տեղեկություն տարածվեց, որ փլատակներից ձայն է լսվել։ Փրկարարներն ասացին, որ աշխատում են այդ հատվածում։

Գրիգորյանն այսօր տեղեկացրեց, որ բավականին երկար որոնողական աշխատանք են իրականացրել այդ հատվածում։ «Ոչ մի զոհ, ոչ մի քաղաքացի չի հայտնաբերվել՝ ո՛չ կենդանի, ո՛չ զոհվածի դի այդ հատվածում չի հայտնաբերվել։ Մենք այնուամենայնիվ կոնկրետ էդ հատվածում կշարունակենք որոնողական աշխատանքները, բայց հավանականությունը շատ ցածր է, որովհետև զգալի խորացել ենք», - ասաց փոխնախարարը։

Թե երբ կավարտվեն փրկարարական աշխատանքները, Գրիգորյանը դժվարացավ ասել։

«Մենք ենթադրություն ունենք, որ կան քաղաքացիներ, որ դեռ փլատակների տակ են, և դա մեր գործը քառակի անգամ բարդացնում է, որովհետև այնուամենայնիվ ծանր տեխնիկա աշխատեցնել հնարավոր չէ, այդ պատճառով էլ կդժվարանամ ասել, թե ամբողջապես երբ կավարտվի։ Կարծում եմ, որ այսօրվա վերջ գոնե մոտավոր պատկերացում կունենանք։ Գիշերը հսկա աշխատանք է իրականացվել, մի զգալի հատված ազատվել է։ Այս պահին նկուղային հատվածներում որոնողա-փրկարարական աշխատանքներ են իրականացվում, 24-ժամյա ռեժիմով աշխատում ենք», - ասաց փոխնախարարը։

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած խոշոր պայթյունից ու հրդեհից հետո առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Արդեն հարցաքննվել է մեկ տասնյակից ավելի մարդ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարզվում են «Սուրմալու»-ի տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարողների ինքնությունները