Մատչելիության հղումներ

Պայթյունի հետևանքով առաջացած ծուխը տարածվում է. Բժիշկը խորհուրդ է տալիս հնարավորինս քիչ դրսում լինել


«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած ծուխն ու փոշին տարածվել է մայրաքաղաքի մեծ մասում։ Հարակից տարածքներում ապրող մարդկանց համար հատկապես գիշերն անհնար է եղել քնել։

«Դե քամի էր, երևի արդեն ժամը 11-ից հետո սկսեց էդ հոտն ուժեղ գալ, պատուհանը փակել էինք, լուսադեմին արդեն շոգին չէինք դիմանում, բացեցինք, արդեն անցել էր», - ասաց բնակիչներից մեկը:

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը հիշեցնում է, որ պարբերաբար պրոֆիլակտիկ աշխատանքներն են տարվել բնակիչներին իրազեկելու համար և, իր ձևակերպմամբ, պարտադիր չէր այս մասնավոր դեպքում ևս մեկ անգամ հիշեցնել՝ ինչ պետք է արվի ծխից պաշտպանվելու համար։ Այդուհանդերձ, երեկ հենց այս գերատեսչության ղեկավար Արմեն Փամբուխչյանի ինքնազգացողություն էր վատացել «Սուրմալու»-ում և միայն բուժօգնություն ստանալուց հետո էր նախարարը շարունակել աշխատանքը դեպք վայրում։

Թե՛ երեկ, թե՛ այսօր փրկարարներից, կամավորներից շատերը շարունակում են աշխատել առանց դիմակների, առանց պաշտպանիչ միջոցների, մինչդեռ մասնագետները պնդում են՝ ծխից առաջացող վտանգավոր հետևանքները գոնե նվազեցնելու համար հենց սկզբից պետք է գրագետ գործել։

«Աղետի ընթացքում չսկսենք ամեն ինչ անել, այլ նախապես պատրաստված լինենք և այնտեղ լինեին պաշտպանիչ միջոցները ու դա բաժանվեր, և փրկարարները համապատասխան համազգեստով տեղում լինեին», - ասաց Երևանի ավագանու ընդդիմադիր ԲՀ խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը:

Բժշկական Համալսարանի հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը, որ տարիներ շարունակ ահազանգում է Երևանում օդի աղտոտման մահացու հետևանքների մասին, հորդորում է հատկապես այս աղետալի պայթյունից հետո առավել զգոն լինել, քանի որ ակնհայտ է այս պատահարից հետո օդն էլ ավելի վտանգավոր է դառնալու:

Բժիշկը խորհուրդ է տալիս՝ հնարավորինս քիչ դրսում լինել, չբացել պատուհանները, հատկապես գիշերը և վաղ առավոտյան, հնարավորության դեպքում օգտագործել օդորակման և օդի մաքրման համակարգեր, պատուհաններին կախել խոնավ շորեր և պարբերաբար փոխել, սենյակներում ջրով տարաներ դնել՝ օդի խոնավությունը բարձրացնելու համար, ողողել քիթ-կոկորդը, սահմանափակել ֆիզիկական ակտիվությունը, օրական մի քանի անգամ ցնցուղ ընդունել։

«Շատ կարևորը, որ քաղաքային ծառայությունները պետք է իրականացնեն, ջրցան մեքենաներով պետք է լվացվի, այսինքն՝ խոնավության մակարդակը փորձենք բարձրացնել, որ կարողանանք ֆիլտրել ու մաքրել օդը ինչքան հնարավոր է», - նշեց Վարդանյանը:

Պայթյունի հետևանքով առաջացած ծուխը դեռ տարբեր ուղություններով տարածվում է և առաջիկայում էլ չի դադարի։ Հատկապես քրոնիկ հիվանդություններով մարդիկ, մասնագետի խոսքով, պետք է տնից դուրս գալիս չմոռանան դեղերը:

«Սրտանոթային համակարգի հիվանդությունները, շնչառական և այլն, անպայման իրենց բժիշկների հետ խորհրդակցեն, որոհետև միգուցե կա նաև կարիք դեղորայքային դոզաների փոփոխություններ իրականացնել, որովհետև օդի ավազանի նման տիպի էքստրեմալ աղտոտումները բերելու են հիվանդությունների սրացմանը», - ասաց մասնագետը:

Արդյոք վտանգավոր են երեկվա պայթյունից հետո օդում տարածվող նյութերը, բժիշկ-էկոլոգի խոսքով՝ ժամանակի ընթացքում միայն պարզ կլինի դրա վտանգավոր հետևանքները։ Համեմատականներ տանելով այլ երկրներում կատարված ուսումնասիրությունների հետ, Վարդանյանն ասում է՝ քիչ չեն դեպքերը, երբ նմանատիպ աղետներից հետո ավելացել են մահացության ցուցանիշները, ինչպես նաև շնչառական, ալերգիկ, սրտանոթային հիվանդների քրոնիկ վիճակների սրացումները։

«Այրման այդ տոքսիկ նյութերի որոշակի քանակն է, որը անպայման օդում կախույթային վիճակով լինելու է, բայց այն վտանգները, որոնք որ կգան սրանից հետո, դրանք ժամանակի հետ պետք է պարզվեն», - ընդգծեց նա:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում: Ըստ գերատեսչության՝ երկու համայնքներում փոշու կոնցենտրացիան գերազանցել է թույլատրելի չափը։ Թե ի՞նչ հետևանք կունենա դա մարդկանց առողջության վրա, կենտրոնից «Ազատությանը» հաղորդեցին՝ կպարզվի Առողջապահության նախարարության ուսումնասիրության արդյունքում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG