«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած խոշոր պայթյունից ու հրդեհից հետո առայժմ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, չկա նաև կասկածյալ։ Քննչական կոմիտեն, իր հերթին, առանց մանրամասներ հայտնելու, փոխանցում է, որ արդեն հարցաքննվել է մեկ տասնյակից ավելի մարդ։
Ողբերգական դեպքի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել, 62-ը՝ վիրավորվել, 21-ն՝ անհետ կորել։
Գլխավոր դատախազությունը քննություն է սկսել Քրեական օրենսգրքի երկու՝ հրդեհային անվտանգության և դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կանոնները կամ պահանջները խախտելու հոդվածներով։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով, պայթյունի պատճառները դեռ պարզված չեն, Քննչական կոմիտեն քննում է բազմաթիվ, այդ թվում՝ ահաբեկչության վարկածը, չնայած այսօր դեպքի վայր այցելած արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը գրեթե բացառել է առևտրի կենտրոնում ռումբի տեղադրումը։
Գլխավոր դատախազի խորհրդականի փոխանցմամբ, այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ հնարավոր չէ իրականացնել հրդեհաշիջման և որոնողական աշխատանքների պատճառով։
«Այս պահի դրությամբ միջոցներ են ձեռնարկվում տուժածների ամբողջ շրջանակը պարզելու նպատակով, ինչպես նաև ողբերգական այս դեպքերի հետևանքով զոհերի նույնականացման, դիակների ճանաչման ուղղությամբ», - նշեց Աբրահամյանը:
Շուրջ 2 տասնամյակ գործող այս տարածքում, որտեղ ավելի քան 200 խանութներ կան և հարյուրավոր մարդիկ են աշխատում, տեսչական մարմինը վերջին անգամ ստուգում էր իրականացրել ավելի քան մեկ տարի առաջ։ Ըստ պաշտոնական աղբյուրների, այն ժամանակ հայտնաբերվել էր անվտանգության կանոնների մոտ երկու տասնյակ խախտում։ Օրինակ՝ պարզվել էր, որ չի եղել հակահրդեհային ջրավազան, հրդեհավտանգ տանիքների վրայով օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված, խանութների դռները չեն բացվում դեպի դուրս, 3500 քառակուսի մետրը գերազանցող երկհարկանի առևտրի սրահում չկա հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ, գոյություն ունեցող համակարգերն էլ սարքին չեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ում նախորդ տարվա հրդեհից հետո տեսչական մարմինը վերստուգում դեռ չէր արելԿառավարական մարմինը մեկ տարի առաջ տուգանել է բարձր ռիսկայնության օբյեկտ համարվող «Սուրմալու»-ի ղեկավարությանը 50 հազար դրամով և կարգադրագիր տվել, որ մինչև 2021-ի տարեվերջ վերացնի խախտումները։ Ողբերգական այս դեպքը վկայում է, որ ղեկավարությունը չի կատարել ցուցումները, «Ազատությանը» փոխանցեց քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակը։
«Փաստացի տնտեսվարողի կողմից չեն կատարվել ցուցումները, կարգադրագրով սահմանված 16 կետով խախտումների վերացման ուղղությամբ տնտեսվարողը ոչ մի միջոց չի ձեռնարկել», - նշեց խոսնակ Ելենա Զոհրաբյանը:
Ելենա Զոհրաբյանի խոսքով, հաջորդ ստուգումը պետք է անցկացնեին անցած դեկտեմբերին, բայց տեսուչները այդպես էլ «Սուրմալու» չեն գնացել՝ պարզելու՝ վերացված են խախտումները, թե ոչ. - «Կոնկրետ «Սուրմալու» տոնավաճառի 21 թվականի տարեվերջ է սահմանված եղել, բայց այստեղ հաշվի առնենք նաև մեր ծանրաբեռնվածությունը վերստուգվող ու նաև 22 թվականի տարեկան ծրագրով հաստատված ստուգումների քանակը, մենք դեռևս չէինք հասցրել: Առաջիկայում նախատեսվում էր, որ պետք է վերստուգվի»:
Ըստ ճարտարապետի՝ եթե խախտումների հեղինակներն ու հսկողները ժամանակին պատժվեին, այս դեպքը գուցե չլիներ
Մինչ պաշտոնյաները պատճառներ են բերում, ճարտարապետ Տիգրան Գալստյանը պնդում է՝ եթե խախտումների հեղինակներն ու հսկողները ժամանակին պատժվեին, այս դեպքը գուցե չլիներ։ Մինչդեռ տեսչական մարմինը բավարարվել է միայն գործունեության կասեցման որոշումներով:
«Պիտի էս տեսակ իրավիճակներում որևէ մեկը պատժվի: Այսինքն՝ կամ նորմեր ստեղծողը, եթե նորմերը նորմալ են, այդ դեպքում պիտի դրան չհետևողը պատժվի, վերահսկողը: Ես չգիտեմ այս իրավիճակում որն է խնդիրը եղել, բայց եթե մարդիկ հասկանան, որ նման իրավիճակներում կարող են նաև պատժվել, կսկսեն արդեն գործել նորմերը», - ընդգծեց ճարտարապետը:
Երեկվա պատահարը երկրորդն էր մարդաշատ այդ տոնավաճառում՝ անցած մեկուկես տարվա մեջ։ Տեսուչների վերջին ստուգայցից շաբաթներ հետո՝ անցած ապրիլին, տեղում կրկին խոշոր հրդեհ էր բռնկվել, այդ դեպքում, սակայն, բարեբախտաբար, կրակը տարածվել էր գիշերով՝ առանց մարդկային զոհերի։ Սակայն այդ դեպքն էլ ահազանգ չէր եղել ո՛չ սեփականատիրոջ, ո՛չ վերահսկողների համար։
«Կադրերից հասկանում ենք, որ այդ տարածքը բազմամարդ է եղել, ըստ երևույթին չպիտի լիներ բազմամարդ: Էվակուացիոն դռները պիտի դեպի դուրս բացվեն ու պիտի առանց խնդրի բացվեն, այսինքն՝ պետք չի մարդը բանալին մտցնի մեջը հրդեհի ժամանակ դուռ բացի, մի հատ հրելով պիտի բացվի: Եթե զարգացած երկրներում լինեք, հասարակական շենքերում կնկատեք այդպիսի դռներ: Նաև կարևոր էր, որպեսզի այստեղ լինե մշտական ջուր, այսինքն՝ հակահրդեհային ջրավազան», - ասաց Տիգրան Գալստյանը:
Ճարտարապետը մեկ կարևոր խնդիր էլ է առանձնացնում՝ որքանով էր այս տարածքը անվտանգ պայթուցիկներ պահելու համար. - «Ես կարծում եմ, որ պետք է պայթուցիկների պահեստները լիցենզավորված լինեն, վաճառքը նույնպես լիցենզավորված լինի, հատուկ թույլտվություն, հատուկ խանութներում միայն թույլատրվի վաճառել ու միայն հատուկ տարածքներում պահպանել ու պահեստավորել»:
Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձր ռիսկայնության մոտ 30 հազար օբյեկտ կա, որոնցից յուրաքանչյուրը պետք է ստուգվի տարեկան առնվազն մեկ անգամ։ Այս գործը կառավարությունը վստահել է Քաղաքաշինական և հակահրդեհային տեսչական մարմնին, որը Երևանում ընդամենը 6 տեսուչ ունի։ Վերահսկող մարմնից պաշտոնապես խոստովանում են՝ 30 հազարից տարեկան 500-ն են հասցնում ստուգել, այլ կերպ ասած՝ այս գործն անելու համար նրանք մոտ երկու հազար ռիսկային օբյեկտ պետք է ստուգեն՝ օրական։
Ինչո՞ւ է վերահսկող մարմնում այդքան քիչ տեսուչ աշխատում, արդյոք դիմել են կառավարությանը՝ հավելյալ միջոցներ ստանալու հարցով և ի՞նչ պատասխան են ստացել. տեսչականից այսօր չպատասխանեցին՝ այս հարցերին կանդրադառնան առաջիկայում։