Ահազանգ է ստացվել, որ անհետ կորած հղի կին կա իր 5 տարեկան երեխայի հետ, լրագրողներին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:
Ընդհանուր 20 քաղաքացուց, նրա հաղորդմամբ, ԱԻՆ-ում ահազանգ կա իրենց հարազատների անհետ կորած լինելու մասին:
Նախարարն ասաց նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն ընդհանուր առմամբ մարված է, բայց «քամին առաջացնում է որոշակիորեն հրդեհային իրավիճակ», որոնողափրկարարական աշխատանքները շարունակվելու են ողջ գիշեր:
Այս պահի դրությամբ հայտնի է, որ պայթյունի հետևանքով կա երեք զոհ` երկու կին և մեկ տղամարդ: Ըստ պաշտոնյայի` նրանք միջին տարիքի են: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ցերեկը որոտացած պայթյունի հետևանքով շուրջ 6 տասնյակ քաղաքացի դիմել է երևանյան տարբեր բժշկական հաստատություններ:
Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: