Երկու հատվածից է բաղկացած դեպքի վայրը, դա այդ հսկայական շինության մի մասն է, որը դեռևս կանգուն է, բայց շատ երերուն, «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքներին։
«Տեղի է ունեցել հիմքի՝ հենասյուների, հենապատերի խարխլում, և այդ ամբողջ հրդեհաշիջման աշխատանքներն ավելի են բարդացնում այդ վիճակը, և կա ռեալ փլուզման վտանգ», - հավելեց նա։
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
Դավիթ Համբարյան. - Արդեն իսկ երեկվանից ԱԻՆ-ի կողմից բազմիցս եղել են այդ հորդորները մեր բնակչությանը իրենց բացակա հարազատների մասին, որոնք մեծ հավանականությամբ դեպքի վայրում են եղել, առաջին հերթին իրենք ահազանգեն 911 հեռախոսահամարով, ըստ էության ոչ բոլորն են դեռ այդ տեղեկատվությանը տիրապետում կամ այդ մեթոդին դիմել, և 18-ից մեկն Իրանի քաղաքացի է, և այդ պարագայում, ըստ էության, հասկանալի է, որ կարող էր նման ուշացում լինել, բայց երկուսը մեր հայրենակիցներից են, ովքեր նոր են դիմել 911։
«Ազատություն». - Արդյոք արդեն լինո՞ւմ է մոտենալ կոնկրետ պայթյունի վայրին, պահեստին։
Դավիթ Համբարյան. - Երկու հատվածից է, ըստ էության, բաղկացած դեպքի վայրը, դա այդ հսկայական շինության մի մասն է, որը դեռևս կանգուն է, բայց շատ երերուն, որովհետև տեղի է ունեցել հիմքի՝ հենասյուների, հենապատերի խարխլում, և այդ ամբողջ հրդեհաշիջման աշխատանքներն ավելի են բարդացնում այդ վիճակը, և կա ռեալ փլուզման վտանգ, և մյուս մասը՝ կարող ենք խոսել շենքի ⅔-ի մասին, ինքն ամբողջությամբ փլուզվել է։ Երեկ և հատկապես գիշերը հսկայածավալ աշխատանքներ են կատարվել, ամբողջությամբ փողոցը մաքրվել է, միայն 21 միավոր մեքենա է վնասված, եթե չասենք ամբողջովին ոչնչացված, հանվել փողոցից։ Արդեն բազմաթիվ տեղերից մուտքեր կան, բայց դեռ մեծ ծավալի աշխատանք պետք է իրականացվի, նախ փրկարարական աշխատանք փլատակների հետ կապված և նաև այդ վտանգները չեզոքացնելուց հետո փլուզման հետ կապված, նոր արդեն հնարավոր կլինի դեռևս կանգնուն հատվածի մուտքը հրշեջ փրկարարների կողմից, որն այս պահին հնարավոր չէ։
«Ազատություն». - Որքան էլ այդ հարցը զգայուն է, հատկապես հանրության մոտ ակնկալիքներ են ձևավորվում, այնուամենայնիվ, որքանո՞վ է հավանականությունը՝ ողջ մարդկանց դուրս բերել այնտեղից՝ հաշվի առնելով, որ 24 ժամից ավելի անցել է արդեն։
Դավիթ Համբարյան. - Միշտ հավանականություն կա, և միշտ հրաշքներ, ըստ էության, տեղի ունենում են, բայց նաև իրական պատկերը հասկանալով և գնահատելով ամբողջ ծանրությունը և այն հավելյալ գործոնները, որոնք ազդեցություն ունեն դեպքի վայրի վրա՝ կարող ենք ասել, որ կա այդ հավանականությունը, բայց այն, ըստ էության, մեծ չէ։
«Ազատություն». -Որքանո”վէ արդարացի հարազատների դժգոհությունը, կարծեմ, առավոտյան հենց Ձեզ էլ դեմ առ դեմ ասացին, որ հատկապես շինտեխնիկա երեկ տեղում չի եղել կամ բավարար չի եղել, իրենք ձեռքով են ստիպված եղել քարեր հեռացնել, կռունկ, բեռնատարներ չեն հերիքել։
Դավիթ Համբարյան. - Միշտ, ցանկացած պարագայում մարդւ հուզական դրսևորումները՝ այս կամ այն իրավիճակով պայմանավորված, միշտ հասկանալի է և հարգելի, մեր ցավն է, բոլորիս ցավն է, բայց դրանից զատ, արդեն ոչ մասնագիտական խորհուրդները, ում կողմից էլ որ դա լինի, անընդունելի է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.