6-7 հոգով ոլորեցին, ձայնը դուրս եկավ ոսկորիս. ցուցարար
48-ամյա Կարո Հայրապետյանը ընդդիմության ցույցերի շուրջ վեց տասնյակ մասնակիցներից է, որ տուժող է ճանաչվել ցուցարարներին բռնության ենթարկելու քրեական գործով։
Չնայած տասնյակ տեսագրություններին, որտեղ հստակ երևում են ոստիկանների կողմից ցուցարարներին բռնի ուժով բերման ենթարկելու, անգամ հարվածելու դրվագները, մայիսից ի վեր քննվող 46 գործերով ոչ մի կասկածյալ կամ մեղադրյալ չկա։
«Ինչո՞ւ առաջ չի գնում, հիմա որ հակառակը լիներ, օրինակ` ոստիկանի ոտքը-ձեռքը ես վնասած լինեի, հաջորդ օրը ես արդեն դատարանի առաջ կլինեի, բայց քանի որ հակառակ դեպքն է հիմա, անարդարություն կա, այսպես է կազմված երկիրը:
Ես իրենց ասել եմ` ձեռքիս ոսկորի կտրվելու պատճառը, իրենց խնդրել էի ես, որ բռնեց, ասացի` լավ, ես մենակով կգնամ, ձեռքս կոտրված է: Ոչինչ, ոչինչ, ասաց, նորից ոլորեցին, արդեն 6-7 հոգով որ ոլորեցին, ձայնը դուրս եկավ ոսկորիս: Ասացի` կոտրեցիք ոտքս նորից, ասում էի` թող, ես կգամ, գոռում էի, ասում էին` բան չկա, բան չկա, քաշում էին», - «Ազատությանը» պատմեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բերման ենթարկելիս ոստիկաններն ուսիս ոսկորը կոտրել են, հարվածել». ցուցարարԼիբանանահայ տղամարդը բերման ենթարկվելիս վնասվածքներ է ստացել՝ աջ ուսագոտու հատվածում կոտրվածք, ձախ ուսային հատվածում՝ հոդախախտ, արձանագրել էին բժիշկները։ Աջ ուսի հատվածը դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ էր վնասվել, հազիվ էր վերականգնվել, այն էլ երկրորդ անգամ բերման ենթարկվելիս վնասվեց, պատմում է Կարո Հայրապետյանը։ Վնասվածքներն արդեն լավանում են, բայց քրեական գործը տեղից չի շարժվում։ Մի քանի անգամ հարցաքննվելուց հետո այլևս չեն կանչել, այնինչ իրավապահներին հայտնել է բերման ենթարկելիս իրեն վնասողների տվյալները։
«Քննչական ինձ ասաց` մենք քեզ տուժող ենք համարել, մի հատ էլ պիտի խոսենք ոստիկանների հետ, իրենց էլ պիտի հարցաքննենք, ուղղակի հարց պիտի տանք, վերջում երկու կողմին միասին կկանչենք, դեմ-դիմաց կնստեք: Լավ, ասացի, ու սպասում ենք», - նշեց նա:
Հայրապետյանն ամիսներ առաջ մասնակցում էր վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմության անհնազանդության ակցիաներին։ Այդ ընթացքում տասնյակ ընդդիմադիրներ բերման էին ենթարկվել տարբեր վնասվածքներով, ոստիկանության այդ վարքագիծը քննադատել էին իրավապաշտպանները, Մարդու իրավունքների պաշտպանը։
«Նրանց ակնհայտ հակաիրավական վարքագիծը, հանցագործությունը մատնանշված, նկարագրված բոլոր տարրերով կան». Մինասյան
Լիբանանահայ տղամարդու մատնանշած ոստիկանության ծառայողի մասին է խոսում նաև մեկ այլ տուժող՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ասում է՝ նա էր իրականացնում բերման ենթարկելու գործողությունները, որոնք հաճախ էին անցնում իրավաչափության սահմանը։
«Ոչ միայն նա, նաև, եթե չեմ սխալվում, 5-6 հրամանատարներ, հրամանատարական կազմի անձինք հատուկ այդ գործողությունն իրականացնում էին: Եվ սա ոչ միայն իմ անձի մասով եմ ես ասում, ընդհանրապես եթե ուշադիր մենք հետևենք, թե՛ մայիսի 30-ի, թե՛ հունիսի 3-ի ժամանակ այս բոլորի դեմքերը ոչ միայն երևում են, նրանց ակնհայտ հակաիրավական վարքագիծը, հանցագործությունը մատնանշված, նկարագրված բոլոր տարրերով կան, նույնիսկ դեմքերն այնքան պարզ են, որ այստեղ ընդհանրապես քննարկման թեմա չպետք է լիներ», - շեշտեց նա:
Ոչ միայն նրանց լիազորությունները կասեցված չեն և քրեական գործերով էլ չեն անցնում, այլ այդ ծառայողները շարունակում են ստանալ պարգևատրումներ, դժգոհում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավորը։ Մինասյանին բերման ենթարկելու փորձի կադրերը համացանցում էին հայտնվել, քաշքշվելուց հետո պատռվել էր վերնաշապիկը։ Մեկ անգամ հարցաքննության կանչվելուց հետո ընդդիմադիր պատգամավորն այլ նորություն չունի գործի քննությունից։
«Ակնհայտ երևում է, որ բռնությունները կիրառվել են հենց բարձր ղեկավարության ուղիղ ցուցումով, այլ բացատրություն այստեղ չկա, որովհետև անտրամաբանական է, ակնհայտ երևում է, որ քաղաքացու նկատմամբ ինչ ծավալի բռնություն է գործադրվում, կա բժշկական փաստաթուղթը` փորձաքննության արդյունքը, որ քաղաքացին ենթարկվել է բռնության, ունի կոտրվածքներ, սալջարդեր, հարվածներ է ստացել կամ այլ բնույթի վնասվածքներ, և որևէ զարգացում չկա», - ասաց պատգամավոր Մինասյանը:
Մեղադրյալ է ավելի քան 50 ընդդիմադիր, որոնցից 3-ի գործն արդեն դատարանում է
Թե ինչու չկան մեղադրյալներ ու կասկածյալներ, Գլխավոր դատախազությունից պարզաբանում են՝ քրեական վարույթներով մեղադրյալ ներգրավելու հարցը լուծվում է բացառապես դրա համար բավարար ապացույցներ ձեռք բերելու արդյունքում: Այդ քրեական գործերով նախաքննական մարմինն իրականացնում է քննություն, և երբ հսկողություն իրականացնող դատախազները կհամարեն, որ բավարար ապացույցները ձեռք են բերվել, մեղադրանքի հարցը կլուծվի։
Եթե իրավապահները դանդաղում են ընդդեմ ոստիկանության ծառայողների գործերի քննության հարցում, ապա տրամագծորեն հակառակն է ցուցարարների դեմ հարուցված գործերի դեպքում։ Գլխավոր դատախազության տվյալներով` մեղադրյալ է ավելի քան 50 ընդդիմադիր, որոնցից 3-ի գործն արդեն դատարանում է։
«Այդ նույն քննչական մարմինները շատ հեշտությամբ, առատորեն, արդյունավետորեն ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ընդդիմադիր քաղաքական ակտիվիստների նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ ոչ միայն հարյուրավոր, հազարավոր էջերով վարույթներ են հարուցել և մեղադրանքներ են առաջադրում, ամեն անգամ կախում են, այսպես, մահակը մեր քաղաքացիների գլխին կամ քրեական հետապնդումը նորոգելու սպառնալիքով, կամ նոր քրեական կեղծ հոդվածներ նրանց վրա փորձել կարելով, որպեսզի զսպեն ընդդիմադիր հատվածի ցասումը, պահանջը և դիմադրությունը», - նկատեց ՀՅԴ անդամը:
Ընդդիմադիր գործչի տվյալներով` անգամ անչափահասներ են բռնության ենթարկվել հենց ոստիկանական բաժանմունքներում, այնինչ ոստիկանությունը հենց ինքը պետք է քաղաքացուն պաշտպանի բռնությունից։ Եվ քանի դեռ մեղավորները չեն պատժվել, ապօրինությունները կշարունակվեն, ամփոփում է Մինասյանը։