Օրերս հանկարծամահ եղած եռամսյա վարժական հավաքի մասնակից Ատոմ Հարությունյանի կինն ասում է, որ ամուսինը ճնշման, բրոնխների և բազմաթիվ այլ առողջական խնդիրներ է ունեցել, ինչի մասին տեղեկացրել է զինկոմիսարիատին։
Մարգարիտա Հարությունյանի պնդմամբ՝ ամուսինը ցույց է տվել բժշկական փաստաթղթերը, բայց հաշվի չեն առել. - «Ինքը արևի տակ մնացել ա, արևից էլ ճնշումը բարձրանում ա, ինքը բրոնխների խնդիրներ ուներ, իր թղթերը տարավ վայենկոմատ ոչ մեկն էլ բանի տեղ չդրեց, ինքն էլ ջղայնացավ, ստորագրեց, ասաց՝ «գնում եմ»: Հոգնեց, գնաց ստորագրեց, մենակ փոշմանեց, որ չէր գրել, որ «ես առողջական խնդր ունեմ, բայց գալիս եմ», եկավ տուն նոր հիշեց»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օգոստոսի 25-ից Հայաստանում մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներԿինը հիմա իրեն է մեղադրում, որ չեն պայքարել, պնդել, որ պարտադիր բուժզննում անցնի, ասում է՝ ամուսինը հայտվել էր հոգնեցնող և նյարդայնացնող բյուրոկրատական քաշքշուկների մեջ։
«Ինքը իրա բժշկական թղթերը տարավ ներկայացրեց, երեսին էլ չէին նայել, չբացեցին էլ, որ նայեն, տեսնեն ինչ խնդիր ունի, ասացին՝ գնա ստուգման, ինքն էլ հոգնեց, չգնաց», - պատմեց Մարգարիտա Հարությունյանը:
Օրենքով, սակայն, եռամսյա հավաքի մասնակիցները նախքան զորակոչվելը պետք է պարտադիր բժշկական հետազոտություն անցնեն, եթե նույնիսկ քաղաքացին գրավոր հայտնել է, թե առողջական խնդիրներ չունի, ասում է պահեստազորի վարժանքներին հետևող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի իրավապաշտպան Արմինե Սադիկյանը:
«Պարբերական բնույթ է կրում, երբ առողջական խնդիրներով քաղաքացիները տարվում են թե՛ պատերազմ, թե՛ վարժական հավաքների: Բազմաթիվ քաղաքացիներ մեզ դիմել են և կարող եմ ասել, որ բնականաբար, եզակի բնույթ չի կրում, համատարած է, խորքային և համալիր բուժզննություն այդ քաղաքացիները չեն անցնում, չեն ուղեգրվում՝ համապատասխան գանգատների դեպքում, ու այդ վիճակով երբեմն խուսափում են կամ հրաժարվում են մեկնել վարժական հավաքի կամ ուղղակի այդ վիճակով, խնդիրներ չունենալու համար, որովհետև խուսափելը քրեական հետապնդում է ենթադրում, այդ վիճակով հայտնվում են զինվորական ծառայության մեջ կամ վարժական հավաքներում», - նշեց Սադիկյանը:
Քննչական կոմիտեից հաղորդեցին՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ առանց մանրամասնելու, թե մինչ այս պահը քննությունը ինչ է պարզել։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ևս այս փուլում հրաժարվում են մեկնաբանություններից։ Ռազմական գերատեսչության խոսնակ Արամ Թորոսյանը «Ազատությանը» փոխանցեց՝ դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու համար քննություն է ընթանում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։
Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ 44-ամյա Ատոմ Հարությունյանը երեք երեխա ուներ՝ երկուսը անչափահաս։ Զբաղվում էր հողագործությամբ, ապրում էր կնոջ, երեխաների ու մոր հետ։ Ընդամենը մի քանի օր առաջ՝ օգոստոսի 1-ին էր զորակոչվել Վարդենիս հավաքների, չորրորդ օրն արդեն ընտանիքը տեղեկացավ, որ Հարությունյանը քնած ժամանակ հանկարծամահ է եղել։
Իրավապաշտպանները կարծում են՝ առողջական խնդիրներով զորակոչը եռամսյա այս հավաքների միակ խնդիրը չէ, ինստիտուտն իրենով թերի ու ոչ կայացած է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարժական հավաքների, զորավարժությունների ներգրավելիս օրենքը գրեթե հաշվի չի առնում ընտանեկան հանգամանքները․ Պաշտպանն առաջարկներ կներկայացնի«Հաշվի չի առնվում նաև քաղաքացիների ընտանեկան դրությունը և ընտանեկան պայմանները, որովհետև կարող է հանդիսանալ ընտանիքի խնամքը տանող ու այս պարագայում անչափահաս երեխաները կամ նույնիսկ հաշմանդամություն ունեցող ծնողները կարող են իր հոգածության կարիքն ունենալ, սակայն նաև սա օրենքով կարգավորված չէ դեռ», - ընդգծեց Սադիկյանը:
Եռամսյա հավաքների կազմակերպման արդյունավետությունը իրավապաշտպանները կասկածի տակ դրեցին նաև ամիսներ առաջ, երբ խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի իշխանական նախագահ Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց ընդդիմության ակցիաներից բերման ենթարկված քաղաքացիներին ուղարկել սահման, առաջարկին հաջորդած քննարկմանն էլ նախաձեռնությունը ողջունել էր Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը։
Դեռ այն ժամանակ ընդդիմադիրներն ու իրավապաշտպանները կարծիքներ հնչեցրին, որ նման գործողություններով բանակի բարեփոխման շրջանակներում մեկնարկած եռամսյա հավաքները պատժիչ գործիքի բնույթ են ստանում։
Պահեստազորի եռամսյա այս հավաքները Հայաստանում անցած տարվանից են անցկացվում։ Արդեն դրանց չորրորդ փուլն է, ամեն հավաքին հազարից ավելի պահեստազորային է մասնակցում։