Անհասցե և կողմերի միջև հավասարության նշան դնող` քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը այսպես է գնահատում միջազգային հանրության արձագանքը Արցախի շփման գծում արդեն չորրորդ օրը շարունակվող լարվածությանը։
Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին անդամակցում է նաև Հայաստանը, միայն այսօր հայտարարություն տարածեց` կողմերին կոչ անելով զերծ մնալ ուժի կիրառումից և տարաձայնությունները հաղթահարել բացառապես դիվանագիտական մեթոդներով։
«Մենք գիտենք, որ նույնիսկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող սրացումների դեպքում առանձնակի հասցեական հայտարարություններ երբեք չեն տարածքում ու այդ առումով դժվար է ակնկալել, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում ինչ - որ բացառություն կանեին», - ասաց Տիգրան Գրիգորյանը:
Ավելի ուշ ծայրահեղ մտահոգվածության մասին հայտարարեց նաև ՌԴ ԱԳՆ -ն վստահեցնելով, որ ռուս խաղաղապահները ամեն ինչ անում են իրավիճակը կայունացնելու համար: Հայտարարության մեջ հիշատակվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները պահպանելու կարևորությունը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտում համաձայնությունը։
Մինսկի խմբի մյուս համանախագահը` Վաշինգտոնն էլ, փաստելով, որ ինտենսիվ մարտեր են, հորդորել է հանգստացնել իրավիճակն ու անհապաղ վերսկսել բանակցությունները։ «Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը», -ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում։
Լարվածության առթիվ անհանգստություն են հայտնել նաև ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ -ն։
Ակտիվորեն ներգրավված է նաև Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, այսօր ասել է վերջինիս խոսնակը, մանրամասնելով` Միշելն արդեն զրուցել է Հայաստանի վարչապետի հետ, շուտով կզանգահարի նաև Ադրբեջանի նախագահին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային հանրությունը կողմերին կոչ է անում հարգել հրադադարը և վերադառնալ բանակցային սեղանՀեռախոսազրույցից մանրամասներ չփոխանցելով` եվրոպացի դիվանագետը միայն նշել է, թե Միշելն ու Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ակտիվ շփումների մեջ են երկու կողմի հետ` լարվածությունն անհապաղ թուլացնելու և սեղանին առկա բոլոր հարցերը երկխոսությամբ կարգավորելու համար:
Միջազգային հանրության նման դիրքավորման համար քաղաքագետը նախևառաջ պատասխանատու է համարում Հայաստանի իշխանություններին, կարծիք հայտնելով, որ հայկական կողմը անկանխատեսելի գործընկեր է։
«Ինչ վերաբերում է պայմանավորվածությունների կատարման, այստեղ, իհարկե, գլխավոր դերակատարը Ռուսաստանն է, քանի որ Ռուսաստանի միջնորդությամբ է տեղի ունեցել այդ հայտարարության ստորագրումը և Ռուսաստանը ևս ստորագրող կողմ է այդ հայտարարության, բայց այստեղ ևս երևի չարժե ինչ-որ լուրջ բաներ ակնկալել ռուսական կողմից, քանի որ ադրբեջանի նշանակությունն այս փուլում Ռուսաստանի համար շատ ավելի մեծ է, քանի Հայաստանի դերն ու նշանակությունը», - ընդգծեց քաղաքագետը:
Ի դեպ, Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ Միացյալ նահանգների պետքարտուղարն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Պետքարտուղարն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբում իր դերակատարությամբ խթանել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը` օգնելու հասնել այս հակամարտության տևական քաղաքական կարգավորմանը:
Մինչ այս սրացումը` անցած շաբաթավերջին հենց, պետքարտուղարը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, և ընդգծել, թե Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Չնայած այդ լավատեսական հայտարարություններին` շաբաթասկզբից իրավիճակը տեղում սկսեց օր օրի վատթարանալ:
«Թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը տարածաշրջանում հետապնդում են առաջին հերթին իրենց շահերը: Ռուսաստանի տեսանկյունից ձեռնտու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի ինչ-որ պահպանություն գոյություն ունենա, քանի որ դա երաշխավորելու է ռուսական զինված ներկայությունը, Արևմուտքի տեսանկյունից եթե նայենք հարցին, ապա Արևմուտքին ձեռնտու է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինչ-որ համապարփակ լուծում գտնվի, որը նաև կնվազեցնի ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանում», - նշեց Տիգրան Գրիգորյանը:
Այսօր Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ընդունել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին։ Փակ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու` հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը: