Բաքվի պահանջին զուգահեռ հայկական կողմը շինտեխնիկա է տարել Կոռնիձոր` նոր ճանապարհի համար

Երեկ Բաքվից պահանջ հնչեց թողնել Լաչինի միջանցքը, Արցախ-Հայաստան երթևեկությունը կազմակերպել նոր ճանապարհով, երեկ շինարարական տեխնիկան մտել է Կոռնիձոր:

«Հենց էսօր են սկսել», - ասում է Կոռնիձոր համայնքի բնակիչ
Ալբերտ Բաղդադյանը:

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհը Սյունիքի Կոռնիձորով է մտնելու Արցախի Բերդաձորի ենթաշրջանի գյուղեր, ապա Ստեփանակերտ: Ադրբեջանական կողմն իր բաժին ճանապարհահատվածը` 32 կիլոմետր, ավարտին է հասցնում, Հայաստանի կառավարությունը նախորդ շաբաթ հայտարարեց, որ քարտեզագրման գործն է սկսում:

Երեկ Արցախի սահմաններին իրավիճակի սրման ու Բաքվի պահանջների պայմաններում հայկական կողմը հրատապ շինտեխնիկա է տարել Կոռնիձոր` 11 կիլոմետր 750 մետր երկարությամբ նոր ճանապարհ պիտի կառուցվի:

«Լայնությունը երևի 8 մետր, 2.20 էլ մայթերը, իր ճանապարհն էլի», - ներկայացրեց համայնքի վարչապետ ղեկավար Արշակ Կարապետյանը:

Ըստ նրա` նոր ճանապարհը կանցնի գյուղի ձախակողմյան եզրով: Ենթադրում է, որ շինարարությունը շուրջ մեկ տարի կտևի: 11 կիլոմետրանոց ճանապարհի կեսը, ասում է, դժվար աշխատանք է՝ դժվար շինարարություն: Կոռնիձորցիները պատմում են` նախկինում մի հատվածն օգտագործում էին դաշտ, արոտավայր հասնելու համար. «Մինչև աշխատանքները այս ճանապարհը համարյա չէր գործում, կեսն էր գործում, ճանապարհի կես հատվածը, որտեղ զինվորներ են կանգնած, պոստեր են դրված, նրանց ներքև արդեն համարյա կարծես քարուքանդ եղած է եղել, որովհետև երկար տարիներ 92 թվից այս կողմ այդ ճանապարհը համարյա չի գործել»:

Գրավիկ Խաչյանի տնամերձի կողքով է անցնելու նոր ճամփան, նա այս առիթով ոգևորված է. «Ես զգում եմ, որ մարդկանց տրամադրությունը բարձր է, որ իրոք արդեն Կոռնիձորն էլ մեկուսացած չի լինելու, դուք գիտեք, որ մենք համարյա թերակղզու նման մխրճված ենք, միակ ճանապարհը Տեղ գյուղն է` Կոռնիձոր-Տեղ գյուղը: 19 կմ այսպես շրջապատված ենք»:

Ադրբեջանական շտապողականության մեջ վտանգներ է տեսնում Խաչյանի համագյուղացին՝ Ալբերտ Բաղդադյանը: Երեք տարում Լաչինի միջանցքին փոխարինող ճանապարհի նախագիծը պիտի հաստատվեր, իսկ Ադրբեջանը համարյա ավարտել է իր բաժինը. «Ադրբեջանը հո խելքը հացի հետ չի կերել, մի բան մտածել է իր օգտի համար, որ այդ ճանապարհը սարքում է»:

Կոռնիձորցին վստահ է՝ ճանապարհը լավ կլիներ, եթե խաղաղություն լիներ, իսկ խաղաղություն, տեսնում է, չկա:

Ճանապարհի շինարարության մասին գյուղում բոլորը գիտեն, արձագանքները տարբեր են՝ ոգևորվածությունից մինչև ամեն օր խորացող տագնապ:

«Միգուցե լավ լինի, բայց ես շատ վախում եմ, վտանգ եմ տեսնում», - նկատում է համայնքի բանկիչ Զոհա Սողոմոնյանը:
Իսկ Բահադուր Կարապետյանը Լաչինի միջանցքն իրենց գյուղով անցնող նոր ճանապարհով փոխարինելուն դեմ է, իշխանություններին հարցնում է՝ հնարավո՞ր չէր խոսել, խելոք խոսել՝ հարցերն այդպես լուծել. «Օրենքով-կարգով, կռվով չէ, թող պետություններից մարդիկ բերեին, գցեն-բռնեն, նստեն, խելոք ձևով խորհրդակցեն, տեսնեն` ինչ կարելի է արած»: