Հայկական կողմն սկսել է Լաչինը շրջանցող ճանապարհի նախագծման աշխատանքը. Կոռնիձորի բնակիչները շուրջ մեկ ամիս առաջ գյուղի դաշտերում նախագծող մասնագետների են նկատել։
Ավագանու անդամ Սևադա Դանիելյաննը ենթադրում է՝ հավանաբար սպասել են գյուղացիները դաշտերը հնձեն, նոր սկսեն աշխատանքը։
«Էս պահի դրությամբ ոչ մի բան չկա, որովհետև մարդիկ դաշտերը նոր են քաղում, երևի սպասել են այդ ամբողջ գյուղատնտեսական աշխատանքները վերջանան, նոր իրենք իրենց աշխատանքները կատարեն։ Չեմ կարա ասեմ դա նկարում էր, չափագրում էր, թե ինչ, որովհետև ես դրա մասնագետը չեմ», - «Ազատությանը» փոխանցեց Դանիելյանը։
Կառավարության հունիս ամսվա վերջին նիստում է ընդունվել մի որոշում, որով գումար է հատկացվում մի շարք ճանապարհների գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքների համար, այս թվում է Մ-12 Կոռնիձոր-Արցախ ավտոճանապարհի վերակառուցումը։ Նախագծերի պատրաստման գործը մի քանի ընկերություններ են անում՝ «Ճաննախագիծ», «Արցախճան» ինստիտուտները։
Հայաստանն Արցախին կապող ու Լաչինի միջանցքին փոխարինող նոր ճանապարհը Սյունիքի Տեղ, Կոռնիձոր գյուղերով է մտնում Արցախ՝ Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերով: Հայկական այս գյուղերում թուրք ու ադրբեջանցի շինարարներն արդեն ճանապարհի կառուցման ավարտական փուլում են, մինչ հայկական կողմը նոր-նոր սկսում է նախագծման գործը։
«Առաջին շերտ ասֆալտապատումն ավարտին են հասցնում, մի չորս կիլոմետր հատված է մնացել, որ իրար միացնեն», - ասաց Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հողային աշխատանքն ավարտված է, բայց ասֆալտապատումն ադրբեջանական կողմն ամռանը չի ավարտի։
Ավելի վաղ Ադրբեջանի ավտոճանապարհային գործակալության ղեկավար Սալեհ Մամեդովը հայտարարել էր, թե հուլիսին ճանապարհը պատրաստ կլինի։
Հայկական պաշտոնական շրջանակները Լաչինի միջանցքին փոխարինող ու Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի շինարարության ժամկետների մասին չեն խոսել ու հիմա էլ չեն խոսում։
Ադրբեջանական կողմը Կոռնիձորի տակ՝ Աղավնո գետի վրա, ամիսներ առաջ կառուցել, ավարտել է կամուրջը, որի վերին հատվածով պիտի երթևեկեն հայերը, իսկ նույն կամրջի ներքևի մասով ադրբեջանցիներն են գնալ-գալու դեպի Քաշաթաղ Լաչինի շրջան։