Շփման գծում լարվածություն ստեղծելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել ցավոտ զիջումների գնալ, կարծում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
«Այս էսկալացիային Ադրբեջանը վաղուց էր պատրաստվում, եթե հետևեինք ինֆորմացիոն դաշտում առկա տեղեկություններին, կտեսնեինք, որ հատկապես այս հատվածում լարվածության մասին պաշտոնական հաղորդագրություններում ևս հիշատակումներ կային, Ադրբեջանն անընդհատ մեղադրում էր հայկական կողմին հենց այս հատվածում, այսինքն՝ Քելբաջարի շրջանի հարավից մինչև Լաչինի շրջանի հյուսիս ձգվող հատվածում, հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, այսինքն՝ ինչ-որ տեղեկատվական ֆոն էր նախապատրաստվում այսօրվա գործողությունների համար», - ասաց քաղաքագետը։
Արցախի պաշտպանության բանակը երեկ երեկոյան հայտարարեց՝ առավոտից Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները «դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով»:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմից տուժածներ չկան։ Բաքուն հերքեց հայկական կողմի պնդումները՝ դրանք որակելով «սադրանք և սուտ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել. Արցախի ՊՆՆախորդող օրերին կողմերը պարբերաբար էին միմյանց մեղադրում հրադադարը խախտելու համար։ Վերջին շրջանում Բաքուն նաև հայտարարում է զինված ուժերում ուսումնավարժական գործընթաց սկսկելու, զորքերը մարտական բարձր պատրաստվածության բերելու մասին։
Քաղաքագետը չի կարծում, թե բանը պատերազմի հասնի
Կարո՞ղ է արդյոք սահմանային լարվածությունն ավելի լայնամասշտաբ բնույթ ստանալ։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի բացառում նման սցենարը, բայց չի կարծում, որ բանը պատերազմի կհասնի։
«Լարվածությունն իհարկե կարող է ավելի մեծ մասշտաբներ ստանալ, ողջ հարցն այն է, թե ինչ մասշտաբներ, արդյոք դա կհասնի լայնամասշտաբ պատերազմի ծավալներին, չեմ կարծում, ճիշտն ասած։ Բայց այն, որ Ադրբեջանը մոտակա ժամերի և օրերի ընթացքում փորձելու է դիրքային հաջողություններ գրանցել, դա ակնհայտ է», - ասաց քաղաքագետը։
Երեկ Արցախի ՊԲ-ն նաև տեղեկացրեց՝ կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ, եթե ռուս խաղաղապահներն այս անգամ էլ չկարողանան զսպել ադրբեջենական ագրեսիվ գործողությունները լուրջ հարցեր կառաջանան այդ առաքելության նպատակահարմարության մասով։
«Եվ ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում ապրող բնակչության անվտանգության վերաբերյալ։ Այսինքն՝ եթե նրանք չեն պատրաստվում կատարել իրենց գործառույթները, վստահված պարտավորությունները, պետք է դրա մասին պարզապես ուղիղ տեքստով ասեն, որպեսզի մենք կարողանանք լուծել Արցախում գտնվող մեր հայրենակիցների խնդիրներն այս կամ այն ձևով», - ասաց քաղաքագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը փորձել է հատել շփման գիծը, իրադրությունը լարված է. Արցախի ՊՆ