Արցախի սահմաներին իրադրությունը թեև մնում է լարված, բայց օրվա առաջին կեսին տեղի ունեցած սադրանքներից հետո այս պահին մարտեր չկան, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական կողմը առավոտից սադրանքների է դիմել` շփման գիծը հատելու փորձեր ձեռնարկելով, որոնք կասեցվել են: Բաքուն հերքել է այդ լուրը:
Պատգամավորը նաև վստահեցրեց` հայկական կողմն Արցախում դիրքեր չի կորցրել. «Նման բան չկա, ամբողջությամբ մեր դիրքերը վերահսկվում են մեր կողմից»:
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանն, իր հերթին, հավաստիացրել է, որ «ամեն ինչ գտնվում է» հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո` հորդորելով խուճապի չմատնվել ու չանհանգստանալ: