Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրությունները մեկնարկել են դեռ անցած տարեվերջին: Ըստ նրա` դրանք պետք չէ քաղաքականացնել: Այս մասին Ռոմանոս Պետրոսյանը նշեց «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ-ն ուսումնասիրությունը մեկնարկել է անցած տարեվերջին»
«Երևանի քաղաքապետարանում ՊՎԾ-ն ուսումնասիրությունը մեկնարկել է անցած տարեվերջին, և դրան նախորդել է բավական երկար շրջափուլ վերլուծությունների, որոշակի տեղեկանքների կազմման», - ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը` ի պատասխան հարցին, թե եթե նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքական անհամաձայնություն չունենար իշխող կուսակցության հետ, արդյոք կսկսվեի՞ն ուսումնասիրությունները նրա նախկինում ղեկավարած կառույցում:
«Հանրագրերի, բողքների, դիմումների ու մեծամասամբ շինթույլտվությունների տրամադրման, դրանց ժամկետների ուշացման, ժամկետների խախտման, մերժումների հիմնավորումների հետ կապված բազմաթիվ բողոքներ են ստացվել Պետական վերահսկողական ծառայություն, և մենք ծառայության ղեկավարի միջնորդությամբ ու վարչապետի համաձայնությամբ հանձնարարագիրը ստորագրել ենք դեկտեմբրի 28 կամ 29-ին։ Շուրջ 6 ամիս է տևել ուսումնասիրությունը», - ասաց Պետրոսյանը։
Ըստ նրա` դեռևս 2020-ի սեպտեմբերին արդեն վարչապետից հանձնարարական է եղել մշտադիտարկման ենթարկել շինթույլտվությունների բլոկը, և նաև դրանք են հիմք հանդիսացել սկսել ուսումնասիրություններ Երևանի քաղաքապետարանում:
Հուլիսի 28-ին Պետական վերահսկողական ծառայությունը հրապարակեց քաղաքապետարանում իր կատարած ուսումնասիրության արդյունքները, որոնք սկսվել էին իրականացվել 2019 թվականի դեկտեմբերին։ Ըստ ՊՎԾ-ի՝ Մարությանի օրոք հայտնաբերվել է շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտում, որոնք առնչվում են քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, բարեկարգման, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» ընկերությունների գործունեությանը և այլն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախկին քաղաքապետ Մարությանը ողջունում է քաղաքապետարանում ՊՎԾ-ի ուսումնասիրությունը«Եթե Հայկ Մարությանի շրջանում են իրականացվել առերևույթ խախտումները, որոնց մի մասը գուցե օրենսդրական բացերի հետևանք է, մի մասը սուբյեկտիվ որոշումների կայացման, այո, կարծում եմ, դա իմ անձնական տեսակետն է, մի մասին էլ որոշակի կոռուպցիոն սխեմաների գործադրման արդյունք կարող է լինել, դա հետաքննությունը կբացահայտի, բայց Հայկ Մարությանը մենակ չի կառավարել Երևան քաղաքը, և կրտսեր մասնագետից մինչև քաղաքապետ իրենց լիազորություններն ու իրավասություններն են իրացրել, դա պետք չի քաղաքականացնել», - ասաց նա:
«Այս պահին շուրջ 60 վերահսկողության գորառույթներ ենք իրականացնում տարբեր մարմիններում»
«Այս պահին շուրջ 60 վերահսկողության գորառույթներ ենք իրականացնում տարբեր մարմիններում», - հայտնեց ՊՎԾ պետը` որպես օրինակ նշելով Առողջապահության նախարարության Պետական առողջապահության գործակալության և շուրջ 11 խոշորագույն բուժհաստատություններում հանդիպակաց ուսումնասիրությունները: Նաև նշեց «Հայ փոստը», Արդարադատության նախարարության քրեակատարողական բուժհաստատությունները և այլն:
«ՊՆ-ում 4 ուղղություններով այս պահին ուսումնասիրություններ են ընթանում», - հավելեց Պետրոսյանը:
Հատիսի հետ կապված իրավիճակը մտահոգիչ է. Պետրոսյան
«Գլոբալ առումով այն իրավիճակը, որը հասունացել է Հատիս լեռան հետ կապված, բնականաբար, հաճելի չէ ու շատ մտահոգում է ինձ` որպես Աբովյանի բնակչի, որպես Կոտայքի նախկին մարզպետ», - անդրադառնալով Հատիս լեռան գագաթին Քրիստոսի արձանի տեղադրման հետ կապված իրավիճակին` ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա` տվյալ նախաձեռնողները հողերը ձեռք բերելուց հետո որևէ գործընթաց չպիտի իրականացնեին, քանի դեռ չունեին ամբողջ նախագծի թույլտվությունները, լսումների արդյունքները և այլն:
Նրա խոսքով` իր մարզպետ եղած ժամանակ այս նախաձեռնության վերաբերյալ որևէ խոսք չի եղել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հատիսի խնդրով ստորագրահավաքի նախաձեռնողը դրական է գնահատում ԿԳՄՍ հայտարարությունըՌոմանոս Պետրոսյանը նաև հերքեց լուրերը, թե այս տեղանքին մոտ ինքը հողատարածք է ձեռք բերել:
ԿԳՍՄ նախարարությունը դիմել է ոստիկանությանը Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար։ Նախարարությունը դիմումի հիմք է ընդունել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայտարարությունը, թե լեռան գագաթին հայտնաբերված հնավայրը Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքների հետևանքով վնասվել է: