Կալանավորվել է պատերազմի ընթացքում ՊԲ պաշտպանական շրջանի հրամանատարը, նա մեղադրանքը չի ընդունում

Պաշտպանական շրջանի հրամանատարը 44-օրյա պատերազմի նախօրեին շուրջ 100 սպաների մասնակցությամբ խնջույք է կազմակերպել, որի ընթացքում պարբերաբար տեղեկացել է՝ ադրբեջանական ստորաբաժանումները կուտակվում ու տեղաշարժվում են:

Քննչական կոմիտեն է տեղեկություն տարածել նոր քրեական գործի մասին, որի շրջանակներում կալանավորվել է այդ հրամանատարը՝ գնդապետ Ս.Ա-ն։ «Ազատության» տեղեկություններով նա Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանն է։

«Կոչումով գնդապետ Ս.Ա.-ն ի պաշտոնե պարտավոր է եղել որոշում ընդունել զորամասի ամբողջ անձնակազմը և միջոցները լրիվ մարտական պատրաստականության աստիճանի բերելու, պաշտպանության անցնելով մարտական դիրքերը համալրելու և այդ կերպ հակառակորդի հանկարծակի հարձակումը բացահայտելու, կանխելու, դիմագրավելու և այդ մասին առաջին իսկ հնարավորության դեպքում անմիջական պետին զեկուցելու համար, մինչդեռ որևէ միջոց չի ձեռնարկել այդ ուղղությամբ», - նշված է հաղորդագրությունում:

Ըստ Քննչական կոմիտեի՝ հրամանատարը շարունակել է անգործություն ցուցաբերել նաև խնջույքից հետո՝ սեպտեմբերի 27-ին առավոտյան 6:10 ից ադրբեջանական տանկերը արդեն շարժվում էին Թալիշ, Մատաղիսի առաջնագծի ուղղությամբ

«Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են գործել տվյալ պաշտպանական բնագծի երկայնքով և հաջորդող ժամերի ընթացքում յուրային զորքին մեծ կորուստներ պատճառելով ճեղքել են պաշտպանության շրջանի մի շարք մարտական դիրքերի, հրամանատարական դիտակետերի պաշտպանությունը, մխրճվել թիկունքային հատվածներ, ինչի պայմաններում յուրային զորքին չի հաջողվել պատշաճ վերախմբավորում կատարել, լրիվ ծավալով անցնել պաշտպանության, դիմակայել հակառակորդի հարձակմանը և կասեցնել այն, ինչն էլ հակառակորդի զորքին հնարավորություն է ընձեռել զարգացնել հաջողությունը` գրավել գերիշխող բարձունքները և հրամանատարական դիտակետերը, միաժամանակ գրոհներ կազմակերպել յուրայինների թիկունքից, մխրճվել պաշտպանության խորքը՝ շրջափակման վտանգի մեջ գցելով պաշտպանության շրջանի անձնակազմի մի մասին, որի հետևանքով զորամասի ողջ անձնակազմը պարտադրված նահանջել է, Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ», - հայտնում է Քննչական կոմիտեն:

Գնդապետ Սևակ Աբրահամյանը երեկվանից կալանավորված է երկամսյա ժամկետով։ Նրա փաստաբան Հովհաննես Վարդանյանից տեղեկացանք՝ մեղադրանքը չի ընդունում, դատարանում պնդել է, որ առաջնորդվել է իրավական ակտերով սահմանված նորմերով, ոչ մի խախտում թույլ չի տվել:

Մատաղիսի զորամասի հրամանատարի անունը պատերազմից անմիջապես հետո սկսեց շրջանառվել՝ զորամասի սպայական փարթիի ու հետագա անգործության մասին պատմում էին Մատաղիսում, Թալիշում զոհված զինծառայողների ծնողները, համացանցային բաց աղբյուրներում էլ կան ձայնագրություններ, որոնցում մարտերի մասնակից ներկայացողները պատմում են պատերազմի նախօրեի խրախճանքի ու հետագա ողբերգական դեպքերի մասին: Մատաղիսի զորամասի կազմավորման օրը սովորաբար սեպտեմբերի սկզբին է նշվել, այս անգամ ավելի ուշ են հավաքվել, քանի որ Աբրահամյանը մինչև այդ արձակուրդում է եղել:

«26-ին՝ շաբաթ օրը, ճաշից հետո, այսինքն աշխատանքային ժամից հետո, քանի որ բանակում կես օր են աշխատում շաբաթ օրը: Աշխատանքային ժամից հետո Մատաղիսի լճի կողքը կա հանգստյան գոտի, հանգստյան գոտում բոլորը միասին նշում են Մատաղիսի օրը, ամսի 26-ին, մինչև երեկո նշվում է Մատաղիսի օրը», - լսում ենք ձայնագրույթուններից մեկում:

Թալիշը ու Մատաղիսը Ադրբեջանի հսկողության տակ անցան պատերազմի հենց առաջին օրերին, ըստ ականատեսների, Սևակ Աբրահամյանն այդպես էլ պահպանությունից պաշտպանության չի անցել:

«Ամսի 2-ի լույս 3-ի գիշերը 6-րդ պաշտպանականի անձնակազմը թողեց Մատաղիս բնակավայրը, որն առաջնագծից հեռու էր 24 կմ: Մատաղիսը տված զորամասի հրամանատարին նշանակում են դիվիզիայի շտաբի պետ», - լսում ենք հրապարակված ձայնագրությունում:

Կան նաև հակառակի վերաբերյալ ձայնագրություններ, որոնցում հերքվում է Աբրահամյանի անգործությունը, ավելին՝ ասում են նա վնասվածքներով կռվել է մինչև վերջին օրը. - «Մինչև վերջ, վնասվածքներով, ամենավերջին օրը, որ էլի հանդիպել եմ իրան, դեմքն ամբողջովին վնասված, մեկ ա ինքը մեր հետ ա եղել, անձամբ իմ հետ ա եղել, վիրավորներին էլ իր հետ էր տանում»:

Պատերազմի ավարտից ամիսներ անց իր ցանկությամբ է Աբրահամյանը բանակից հեռացել, դեպի Ռուսաստանի Դաշնություն, փաստաբանի պնդմամբ՝ նա ժամանակ առ ժամանակ երկրից մեկնել է և դա բոլորովին էլ քննությունից խուսափելու նպատակ չի եղել, ներկայացել է ըստ անհրաժեշտության:

Պաշտպանության, անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ձեռնպահ մնալով կոնկրետ այս գործի վերաբերյալ մեկնաբանությունից, ընդգծում է Հայաստանի իշխանությունը, որ պատերազմի հետևանքների պատասխանատուն է, փորձում է մեղքը բարդել զինվորականների վրա: Ըստ Աբրահամյանի սրա վկայությունն են նաև դավաճանների առատ գործերը, որ աղմուկով հարուցվում են, հետո այդ մարդիկ անաղմուկ ազատ են արձակվում:

«Գործող իշխանությունը փորձում է քաղաքական, քարոզչական մակարդակում ամբողջական սլաքները բարդել Զինված ուժերի, դրա առանձին զինծառայողների ու հրամանատարների վրա՝ փորձելով իրեն դուրս թողնել պատասխանատվության դաշտից», - նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Աբրահամյանի, իշխանությունը պատերազմական աղետի պատասխանատվությունից իրեն դուրս դնելու համար պատրաստ է բոլորին դնել զոհասեղանին:

«Շատ ուղղություններում շատ հրամանատարներ կատարել են իրենց ծառայությունը մեր հայրենիքին, նաև բոլորիս խնդիրն է, սա մենակ քաղաքական ուժերինը չէ՝ թույլ չտալու, որպեսզի այս իշխանությունն ամբողջովին վարկաբեկի բանակը, ողջ պատասխանատվությունը դնի Զինված ուժերի, նրա հրամկազմի ու զինծառայողների վրա: Իհարկե, սա չի նշանակում, որ տարբեր ուղղություններում չեն եղել հրամանատարներ տարբեր օղակներից, որոնք ունեցել են լուրջ տապալումներ, ինչը բերել է մեր համար ծանր հետևանքների»​, - ընդգծեց Տիգրան Աբրահամյանը:

Մարտական հերթապահություն կրելու կանոն խախտելը, եթե այն հանգեցրել է պետության դեմ հարձակումը ժամանակին չհայտնաբերելուն կամ դրան չդիմակայելուն, Քրեական օրենսգրքի այս հոդվածով է մեղադրանք առաջադրվել Սևակ Աբրահամյանին, եթե այն հաստատվի, գնդապետին սպասվում է ազատազրկում ՝ հինգից տասը տարի ժամկետով։