«Ինչո՞ւ մեր տղերքին նահանջ հրաման չի տրվել». զոհված զինծառայողների ծնողները հերթական հավաքն անցկացրին ՊՆ-ի մոտ

Պաշտպանության նախարարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայողների ծնողները հանդիպում էին պահանջում 5-րդ պաշտպանականի 4-րդ գումարտակի հրամանատարական կազմի հետ։

44-օրյա պատերազմի ժամանակ Մարտակերտում ծառայող իրենց որդիները պատերազմի 27-րդ օրը տեղափոխվել են Մարտունի -2՝ Ուրյան լեռան բարձունքը պաշտպանելու։ Պնդում են՝ դիրքերում իրենց որդիները մնացել են առանց հրամանատարի, բաց երկնքի տակ՝ անորոշ ու փակուղային իրավիճակում, ինչի հետևանքով 34 զինծառայողները զոհվել են։

11 -րդ վաշտի ժամկետային զինծառայող Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը բազմաթիվ հարցեր է բարձրացնում, որոնք պատերազմից շուրջ երկու տարի անց էլ անպատասխան են մնացել։

«Ո՞ւմ հրամանով տեղափոխությունը կատարվեց, ինչո՞ւ տեղափոխությունը կատարվեց, զոհերի քանակը քիչ էր, ուզում էին ավելացնեի՞ն, հաստատ համոզվելով, որ էդ դիրքում փրկություն չկա: 28-29-ին 9-րդ պաշտպանականը նահանջ ա տվել, առաջին պաշտպանականը հետ նահանջ ա տվել, ինչո՞ւ մեր տղերքին նահանջ հրաման չի տրվել», - ասաց Վահիդ Սահակյանը:

Մի քանի ժամ սպասելուց հետո հավաքված ծնողներին նախարարությունում ընդունեց բանակի բարոյահոգեբանական ապահովման համար պատասխանատու պաշտոնյան։ Խոստացել են առաջիկա օրերին հանդիպում կազմակերպել ծնողների և Պավլիկ Քյարամյանի հետ, որը եղել է զոհված զինվորների անմիջական հրամանատարը։

«11 ամիս ես իմ տղուն ման եմ եկել, հրամանատարն ինձ ասում էր՝ «ես քո տղու տեղը չգիտեմ», բա էդ ո՞նց եղավ, հիմա հրամանատարը դարձավ էդ սարի վրի արծիվը, սաղից կուրսի ա, սաղից տեղյակ ա, հաղորդումը կա, Youtube-ով դրեք նայեք՝ ոնց են Պավլիկին գովաբանում, մի հատ ոչ մի զինվորի անուն չեն տալիս, վերջում մի կադր նկարներն են ցույց տալիս մեր տղերքի ու վերջ, էդքան բան», - ասաց ծնողներից մեկը:

Զոհված զինծառայողի հայր Արմեն Ասատրյանին զայրացրել է հատկապես այն, որ գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանն առաջին աստիճանի «Մարտական Խաչ» է ստացել, այն դեպքում, երբ քննչական կոմիտեում քրեական գործ կա հարուցված իրենց զավակների մահվան փաստով։ Մինչև օրս, սակայն քրեական գործով մեղադրյալ չկա, միայն մի քանի անգամ կողմերն են հարցաքննվել։

Այսօր 4 -րդ անգամն էր, որ ծնողները հավաքվել էին Պաշտպանության նախարարության մոտ։ Նախորդ անգամները նրանց ընդունել է փոխնախարար Արման Սարգսյանը, ծնողները սակայն ասում են, այդ հանդիպումներն էլ արդյունք չեն տվել։ «Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել գումարտակի հրամանատար Պավլիկ Քյարամյանի հետ, որին էլ ծնողները բազմաթիվ հարցեր ունեն։