Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես վկա կհարցաքննվի 44-օրյա պատերազմի քրեական գործով: Սա դատախազի ցուցումն է Քննչական կոմիտեին, տեղեկացրեց զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Ամսի 7-ին ներկայացրել ենք միջնորդություն Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, որպեսզի գլխավոր դատախազի կողմից տրվի ցուցում: Այսօր մենք տեղեկացանք, որ մեր միջնորդությունը բավարարվել է Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու վերաբերյալ», - ասաց նա:
Հարցաքննության ժամկետները պարզ չեն, քննիչն է որոշելու:
«Հուսով եմ` շուտ կկատարի, բայց ես կարծում եմ նաև, որ հետագա անգործությունը բացառելու նպատակով այսօր մենք ծնողների հետ մի փոքրիկ խորհրդակցություն կունենանք և կներկայացնենք առավել կտրուկ, առավել ագրեսիվ միջնորդություն կոնկրետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ որոշակի դատավարական գործողություններ կատարելու մասով», - նշեց փաստաբանը:
Կառավարությունից խոստացան և առայժմ չեն մեկնաբանել` ինչ դիրքորոշում ունի այս ամենի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը:
Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության առջև առավոտից զոհված զինծառայողների ծնողներն են: Նրանցից շատերն արդեն տուժողի իրավահաջորդի կարգավիճակ ունեն և այսօր առաջին անգամ հրավիրվել էին հարցաքննության:
Աիդա Աբրահամյանը զոհված կամավորական Հովհաննես Հարությունյանի մայրն է, շեշտում է` քննիչին մեկ ասելիք ունի` Փաշինյանը պետք է մեղադրյալ դառնա. «Փաստը փաստ, որ ինքն է այդ երեխաներին կյանքից զրկել, դրա համար պիտի պատասխան տա»:
«Ներսում բոլորս նույն բանն ենք ասում անկախ մեր երեխաների հանգամքներից` մեղադրյալ ներգրավել ու անմիջապես կալանավորել Նիկոլ Փաշինյանին», - ասում է զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը` Արա Ռոստոմյանը. «Այստեղ մեղադրում են մեկ մարդու, ով հայտարարեց, որ կարող էր պատերազմը կանգնեցնել, կլիներ նույն իրավիճակը միայն առանց զոհերի, այսինքն` ինքն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, և մենք էլ իր ինքնախոստովանական ցուցմունքի վրա պահանջում ենք, որ որպես մեղադրյալ ներգրավեն, հարցաքննեն և կալանավորեն»:
Արա Ռոստոմյանի կարծիքով` Փաշինյանին ներգրավելուց հետո նոր քննչական մարմինները թող իջնեն ներքև ու անցնեն հրամանատարական կազմին, զինակիցներին, ում ուզեն:
Սևակ Զաքարյանի որդին` ժամկետային Էդգարն ընդամենը 12 օրվա ծառայող էր, զոհվեց Ֆիզուլիում: Հայրը պնդում է` գերագույն գլխավոր հրամանատարից է սկսվում պատասխանատուների շղթան. «Հետ քաշեիր, տիրապետեին զենքին, նոր հանեիր, մսաղացի էի՞ր հանում», - հարցնում է նա:
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը շեշտում է` տուժողի իրավահաջորդ ճանաչելու որոշման մեջ արարքներին խիստ ընդհանրական գնահատական է տրված, ձևակերպված է` մի խումբ պաշտոնատար անձինք այնպիսի գործողություններ են կատարել, որոնք ազդել են բանակի մարտունակության վրա: Հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց անուն-ազգանուններ չկան:
«Բոլոր տուժողներն առարկում են հիշյալ որոշման նկարագրական մասերը», - նկատում է նա:
Վարչապետին պատասխանատվության կանչելու և իրենց էլ տուժողի իրավահաջորդ ճանաչելու պահանջը զոհերի ծնողները դատախազություն են ներկայացրել նախորդ ամիս: 44-օրյա պատերազմի բազմադրված քրեական գործը Հակակոռուպցիոն կոմիտեում էր քննվում, հետո այն տեղափոխվեց Քննչական կոմիտե: Փաստաբանի տպավորությամբ` գործը տեղափոխվեց, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազի ցուցումները չէր կատարում և ընդհանրապես անգործություն էր ցուցաբերում: