Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել վարչապետին


44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները այսօր կրկին Գլխավոր դատախազության մոտ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։

Ապրիլի 14-ին Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայտարարել էր, որ այո, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի։

Հենց այս հայտարարությունը պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ ինքնախոստովանական ցուցմունք համարեցին ու վարչապետի դեմ դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրին։

Ծնողներին այսօր լսելու իջավ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և վստահեցրեց, թե հնարավոր բոլոր միջոցները կիրառում են օբյեկտիվ քննություն անցկացնելու համար. - «Ես հիմա հակառակն ասեմ. եթե առանց պաշտպանություն կազմակերպելու մեր հայրենիքից տարածքներ զիջվեր, նույն տրամաբանությամբ մեղադրանքի որոշում չէ՞ր բերվելու... Ինչի՞ եմ էս համեմատությունը բերում։ Որովհետև շատ կարևոր է էստեղ հանգամանքները, թե ինչպիսի իրավիճակ է եղել, օպերատիվ ինչպիսի իրադրություն է եղել»։

Դատախազի հավաստիացումները պատերազմի զոհերի ծնողների համար ընդունելի չէին։ Արթուր Դավթյանը հեռացավ նրանց վանկարկումների ներքո։ Նախքան այդ նա առաջարկել էր առանձին հանդիպել 10 -15 ծնողի հետ։ Առաջարկը մերժեցին։

Դատախազն ինքը օրերս խորհրդարանում ասել էր, որ վարչապետի ելույթում հանցակազմ չի տեսնում։ Իսկ ծնողների հաղորդումն ոչ թե առանձին է ուսումնասիրվում, այլ ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ բարձրաստիճան պաշտոնյաների գործողություններին առնչվող քրգործի շրջանակներում քննելու։

Մինչև այս պահը Փաշինյանը գործով որևէ կարգավիճակ չունի։ Այսօր ծնողները ստորագրում էին երկու առանձին պահանջի տակ. նախ վարչապետ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել, ինչպես նաև բոլոր զոհված զինծառայողների ծնողներին այդ քրեական գործող տուժող ճանաչել։ Ծնողների ստորագրություններով պահանջները ներկայացվեցին դատախազություն։

«Ծնողներիցս ոչ մեկը բավարարված չի, քանի որ լսելի չէր, և նորմալ բան էլ չասեց, ասելիք էլ դեռ չունի։ Երևի պետք ա մտածի։ Մի քիչ ժամանակ տանք, թող մտածի։ Մեր համար դրական որոշում ենք ակնկալում», - ասաց զոհված զինծառայող Էդուարդ Մուրադյանի մայրը՝ Գոհար Ստեփանյանը։

«Դատախազը ոչ մի բան էլ չի անելու, որովհետև ընտրված ա հենց իրան կողմից։ Եթե անող լիներ... հենա բռնել ա սաղին։ Դատախազը կարում է ձերբակալի Առուշին՝ էն հերոս տղին, որ գնացել ա պոստեր ա պահել», - վրդովված հավելեց մեկ այլ որդեկորույս ծնող՝ Զարինե Մովսեսյանը։

44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Դավիթ Զաքարյանի հայրը Փաշինյանի հայտարարությունը ինքննախոստավանական ցուցմանք է որակում. - «Իրա հայտարարությունը որն էր, որ կարող էինք ունենալ էս նույն վիճակը, բայց առանց զոհերի։ Ինչի՞ց էր վախենում։ Որ ասեին դավաճա՞ն։ Հիմա ավելի վատ են ասում»։

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, ում որդին ևս 44-օրյա պատերազմում է զոհվել, ասաց, որ իրենք հետևողական են լինելու այս հարցում և հասնելու են նրան, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունն անհետևանք չմնա. - «Ավելին, անգամ փաստաբանների արդեն կազմած որոշման նախագիծը փոխանցվեց Գլխավոր դատախազին, որտեղ հստակ նշված է, որ այս, այս, այս գործողությունների հանրագումարը բերում է նրան, որ նրա ձերբակալումը անհրաժեշտություն է»։

«Մոսկվա» կինոթատրոնից մեկնարկած բողոքի ակցիային ներկա էին նաև «Հայաստան» խմբակցության այլ պատգամավորներ, ովքեր հայտարարում էին, որ իրենց մասնակցությամբ աջակցում են զոհված զինծառայողերին ծնողներին։

Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են պատասխանատվության ենթարկել վարչապետին
please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG