Մատչելիության հղումներ

«Ես իմ երեխայի աճյունի մոտ երդվել եմ՝ բոլոր մեղավորները պիտի պատասխան տան»


Նաիրա Մարգարյան
Նաիրա Մարգարյան

Այսօր Նաիրա Մարգարյանի միակ որդին՝ Ժիրայրը, բանակից պիտի տուն գար. - «Ինքը մնաց հավերժ զինվոր, ես էլ՝ հավերժ սպասող մայր»։

Մայրն այսօր պայքարում է, որ իր որդու մարմինն անարգողները պատասխանատվության ենթարկվեն. - «Որ ես չիմանայի ամենադաժանը՝ որ իմ էրեխեն գտնվել ա Աբովյանի մորգի գետնին»։

Ժիրայրը 44-օրյա պատերազմում է զոհվել, հոկտեմբերին, մարմինը գտել են երկու ամիս անց։ Հետո էլ իր փայփայած որդին պոլիէթիլենային տոպրակի մեջ Աբովյանի դիահերձարանի նկուղի հատակին էր. - «Ես իմ երեխայի աճյունի մոտ երդվել եմ՝ բոլոր մեղավորները պիտի պատասխան տան։ Ես գնալու եմ իմ երեխայի մոտ և ուզում եմ, որ էդ հանդիպումը լինի պարզճակատ»։

Աբովյանի դիահերձարանի նկուղում, գետնին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պահելու փաստով հարուցված քրեական գործը, որ հարուցվել էր շուրջ մեկ տարի առաջ, կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Փաստաբան Գարիկ Գալիկայնը, որ մեկ տարի առաջ այդ ցնցող կադրերը հրապարակվելուց հետո հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին, տարակուսած է։ Հանցակազմերը, ասում է, մեկը չեն, երկուսը չեն. - «Ես պաշտոնեական դիրքի չարաշահում էի տեսել, որ ըստ էության հարուցվել էր հենց էդ հիմքով։ Նաև դիակն անարգելու հանցակազմ էին տեսել, ինչին ընդհանրապես չէին անդրադարձել, նշել էին, որ նման հանցակազմ առկա չէ։ Ու էլի, ես կարծում եմ, քննության արդյունքում շատ տարբեր հանցակազմեր կարելի էր դիտարկել, օրինակ՝ պաշտոնեական անփութություն և այլն»։

Գործը կարճվելուց հետո փաստաբանը դատախազին բողոք էր ներկայացրել, որը նույնպես մերժվել էր։ Այժմ էլ բողոքարկում է դատախազի ու քննիչի որոշումները. - «Տեսանյութում հստակ երևում է, որ դիերը իրար վրա լցրած ա էղել։ Արդյո՞ք դա դիակն անարգելու հանցակազմ իր մեջ չի պարունակում»։

Երեկ այս գործով դատական նիստ էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսքով, գործի կարճման հիմքում այն է, որ դիերի մասունքների պահպանման վերաբերյալ որևէ կարգավորում չկա. - «Տվյալ պարագայում որևէ նման նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի տեղափոխման կարգը, դիերի պահպանության կարգը, մասունքների պահպանության կարգը, դրանց պահման պայմանները, որը ես դատական նիստի ժամանակ էլ նշեցի։ Դա ցավալի փաստ է, բայց իրականություն է»։

Փաստաբան Գալիկյանը հակադարձում է. - «Եթե մի կարգ սահմանված չի, դրանում քաղաքացին մեղավոր չի։ Դա պետության խնդիրն ա, որ դիերի պահպանման կարգը չի սահմանել այսօր, առավել ևս, երբ որ մենք գտնվում ենք պատերազմական երկրում։ Դա պետք է լիներ, էդ կարգը։ Առողջապահության նախարարի հրաման գոնե թե պետք է լիներ»։

Սկանդալային այդ կադրերից հետո Աբովյանի դիահերձարանի ղեկավարն ու երկու սանիտարները ազատվեցին աշխատանքից։ Դատաբժշկական կենտրոնի տնօրենՆհեր Բիշարյանն ընդունեց, որ եթե դիահերձարանի սառնարանում տեղ չի եղել, զինծառայողների մարմինները պետք է նկուղում պատգարակների վրա ու իրարից հեռավորության վրա դրվեին, ոչ թե լցվեին գետնին. - «Մենք ազատել ենք, որովհետև իրենք իրենց աշխատանքային պարտականությունները ճիշտ չեն կատարել»։

Ներողություն խնդրեց Առողջապահության նախարար Ավանեսյանը՝ Ֆեյսբուքում գրելով. - «Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»:

Այժմ պարզվում է, որ մեղավորներ չկան, պատասխանատուներ չկան։ Նաիրա Մարգարյանն ասում է՝ գնացել է Աբովյանի դիահերձարան, խնդրել բժշկին ցույց տալ որդու մարմինը, արձագանքից է հասկացել, որ մի բան այն չէ. - «Ինքը շատ խառնաշփոթ դեմքով... ես էլ մտածելով, որ իմ սառը վիճակն է՝ որ ես չեմ լացում, հուզված չեմ, ուղղակի տղամարդու պես ասում եմ՝ սառնարանը բաց, էրեխային տեսնեմ, իրա էդ խառնաշփոթ հայացքը մինչև հիմա իմ մեջ կասկածանք էր, թե ինչի էր ինքը էդ վիճակին»։

Աղմկոտ բացահայտումից հետո Աբովյանի դիահերձարանի նկուղից զինծառայողների մարմինները տեղափոխվեցին Մարտունու դիահերձարան, որտեղ, ինչպես պարզվեց, տեղ կար։ Այնտեղից են Նաիրա Մարգարյանի որդու մարմինը Հերացու կենտրոն բերել, որտեղ էլ մայրը սպասում էր. - «Շտապօգնությունով իմ երեխային բերին Հերացի, էդ ամբողջ հոտը, էդ սարսափելի հոտը ընկավ ամբողջ էդ տարածքում»։

Մայրը ոչ մի ներողություն էլ չի ընդունում, գործի կարճումից հետո, ասում է, կարծես երկրորդ անգամ հուղարկավորեցի որդուս։ Միայն ուզում է, որ պատժվեն բոլոր այն պատասխանատուները, որոնք պատերազմով անցած, շրջափակման մեջ զոհված, հետո էլ անշունչ դաշտում մնացած իր որդու մարմինը չարչարել են նաև մահից հետո։

Այսօր պետք է տոնական սեղանով դիմավորեր նրան...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG