Հայաստանի Ազգային ժողովը չի կարող է օգնել ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանին կապ հաստատել Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակի հետ, քանի որ Երևանն ու Բաքուն դիվանագիտական հարաբերություններ չունեն, «Ազատությանը» փոխանցեց խորհրդարանի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
«Եղել է բանավոր խոսակցություն աշխատակազմի համապատասխան ներկայացուցչի և Հայկ Մամիջանյանի օգնականի միջև, օգնականը ներկայացրել է, որ նամակ կա, որը ցանկանում է իր ղեկավարը փոխանցել ադրբեջանական խորհրդարան: Ի պատասխան այդ առաջարկի, որ դա փոխանցվի աշխատակազմի կողմից, նրան բացատրել են, նշել են, որ քանի որ դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, ուստի նամակ փոխանցելու խողովակ Ազգային ժողովը չունի, չի տիրապետում այն փոխանցելու որևէ մեթոդի, և դրանից հետո դրա գրավոր առաջարկը կամ մեկ այլ բան այդ թեմայի շուրջ, ինչքանով ինձ է հայտնի, տեղի չի ունեցել որևէ խոսակցություն», - ասաց խոսնակը:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Մամիջանյանը մեկ շաբաթ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ էր տեղեկացրել, որ դիմելու է Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերին տեսակցելու պահանջով։ Նպատակն է ծանոթանալ նրանց առողջական վիճակին ու պահման պայմաններին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպական խորհրդարանը կարևորում է հայ գերիների «վերադարձի ապահովումը և շարունակելու է ջանքերը»«Շատ ու շատ այլ հարցերի համար` կասկածելի օրակարգով, Ադրբեջանի հետ կապի խողովակներ գտնվում են, բայց մեր գերիներին տեսակցության նախաձեռնության համար խողովակ փաստորեն չգտնվեց: Մենք այլ տարբերակ կգտնենք նամակը տեղ հասցնելու, ուղարկված է էլեկտրոնային փոստով, որը ես չեմ համարում, որ արդյունավետ գործիք է, ճարահատյալ էինք դիմել դրան, ամեն դեպքում մենք կդնենք տարբերակ ավելի պաշտոնական խողովակով այդ նամակը հասցնելու: Նամակի մասին տեղեկացումներ ուղարկվելու են նաև մի շարք եվրոպական և ԱՊՀ մակարդակների միջխորհրդարանական կառույցների ղեկավարներին, ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների հայստանյան դեսպանատներին», - շեշտեց պատգամավորը:
Մինչ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի հետ հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, հետագայում այդ կապի առկայության մասին այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ևս խոսել են։ Պատերազմից մոտ մեկուկես տարի անց էլ ուղիղ հեռախոսազրույց տեղի ունեցավ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի միջև։ Մամիջանյանը համոզված է՝ ցանկության դեպքում իշխանությունը կարող է նպաստել այս նախաձեռնությանը։
«Նամակի մեջ նշված է, և բոլոր շփման մակարդակներում դա շեշտադրվում է, որ սա բացառապես հումանիտար նախաձեռնություն է, այսինքն` այն չի կարող կապվել որևէ բանակցային գործընթացի հետ: Դա շատ էական է` հաշվի առնելով, որ մենք Ադրբեջանի հետ գործ ունենք: Երկրորդ` չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որ լավատես է այս հարցում, բայց ամեն դեպքում եթե կա գոնե մեկ տոկոս հավանականություն, որ ես հնարավորություն կունենամ ծանոթանալ մեր տղերքի պահման պայմաններին, տեսնել իրենց, տեսնել իրենց առողջական վիճակը, այն անհրաժեշտ է օգտագործել: Եվ երրորդ` մերժման պարագայում ևս մեկ անգամ աշխարհին ի ցույց կդրվեն Ադրբեջանի մոտեցումները», - ասաց Հայկ Մամիջանյանը:
Մի քանի ամիս շարունակ խորհրադարանի աշխատանքը բոյկոտած ընդդիմության ներկայացուցչի նախաձեռնությունը քննադատությամբ է ընդունում իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Նա սա անպտուղ գործ է որակում՝ պնդելով, թե դա ավելի շուտ ներքին լսարանում դիվիդենտներ քաղելու նպատակ ունի:
«Ցանկության դեպքում ինքը կարող է այդ խնդիրը լուծել նաև այլ ուղիներով, օրինակ` Կարմիչ խաչին դիմի: Կարծում եմ` դա ավելի շատ քարոզչական բնույթի քայլ է, քան կոնկրետ ցանկության խնդիրը լուծելու: Ավելի քան համոզված եմ, որ Ադրբեջանի իշխանությունները Ձեր նշած պերսոնին բանի տեղ չեն դնում, որ մի բան էլ հետը խոսեն», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերեվարված պահեստազորայինների հարազատների հետ ո՛չ ՌԴ դեսպանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեցինՄամիջանյանը, իր հերթին, պնդում է՝ մեկ տարի առաջ խորհրդարանական ընտրությունների քարոզչության ընթացքում հարցը շահարկողը հենց իշխանությունն էր. «Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներին խորհուրդ կտամ վերհիշել, որ անցած տարվա արտահերթ ընտրություններից առաջ ունենալով Ադրբեջանի կողմից պահանջը և, բնականաբար, ունենալով ականապատ տարածքների քարտեզը, Փաշինյանը կես տարուց ավելի դրանք պահեց և հանձնեց Ադրբեջանին ընդամենը ընտրություններից երկու շաբաթ առաջ, այսինքն` ինքը ինչպես միշտ մարդու կյանքի վրա քաղաքական դիվիդենտ էր կառուցում»:
Հենց նախընտրական շրջանում էր, որ վարչապետը հայտարարեց, թե պատրաստ է որդուն փոխանակել բոլոր գերիների հետ։ Փաշինյանի թիմի անդամը հակադարձում է՝ վարչապետին նման հայտարարության դրդել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով առաջարկել էր բոլոր գերիներին փոխանակել վարչապետի որդով։
Դեռ այն ժամանակ թեման շահարկման առարկա չդարձնելու կոչ արած գերիների ծնողները այսօր էլ չցանկացան որևէ կերպ մեկնաբանել Մամիջանյանի այս նախաձեռնությունն ու իշխանության արձագանքը դրան։ Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում դեռ 38 հայ գերի է պահվում։ Հայաստանցի իրավապաշտպանները պնդում են՝ նրանց իրական թիվը ավելի մեծ է: