Այսօր ևս դատարանը չքննեց Վանաձորի ավագանու վրա անցած տարեվերջին դրված արգելանքի հարցը։ Դեռ ամիսներ առաջ նշանակված դատական նիստի մասին անհասկանալի պատճառով «պատշաճ չէր ծանուցվել» «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Նախորդ նիստն էլ հետաձգվել էր, քանի որ, ըստ դատարանի հայտարարության, ծանուցումը չէր ստացել ՀԱՍԿ կուսակցությունը, որի ցուցակով Վանաձորի ընտրություններին մասնակցել է համայնքի ներկայիս ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի թիմը։
Թե ինչո՞ւ հնարավոր չի լինում նախապես տեղեկացնել դատական նիստի երրորդ կողմ հանդիսացող կուսակցություններին, հնարավոր չեղավ պարզել։ Դատարանում ասում են՝ ծանուցումն ուղարկել են, «Ապրելու երկրում», թե իրենք չեն ստացել, թեև ըստ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանի` կուսակցության երևանյան գրասենյակը բաց է, գործում է, և փոստատարը կարող էր գտնել իրենց։
«Մեր գրասենյակի տեղը լավ գիտեն, առաջին դեպքը չի, երբ մենք ստանում ենք փաստաթղթեր նամակով, ամենօրյա ռեժիմով մարդիկ աշխատում են: Եվ մեր դիրքորոշումը հետևյալն է, որ արհեստական ձգձգելը մենք չենք ողջունում և քննադատում ենք, օր շուտ նոր ընտրություններ դնեն, այս արհեստական ձգձումներին վերջ տրվեն», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատական գործընթացներին մասնակցելու համար Վանաձորի ավագանին ընտրեց լիազոր ներկայացուցիչՎարչական դատարանի սահմանած արգելանքն ավագանու նկատմամբ կգործի, քանի դեռ Վճռաբեկ դատարանը չի քննել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը։ Անցած տարի՝ դեկտեմբերի 5-ին Վարչական դատարանը մերժել էր ավագանի չանցած կուսակցության հայցը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և «Լուսավորին» մանդատ տրամադրելու պահանջի մասին։ Թեև Վարչականի մերժումը վերջնական էր և բողոքարկման ենթակա չէր, այնուամենայնիվ կուսակցությունը որոշել էր բողոքարկել դատարանի վճիռը։
Վերաքննիչը մերժել էր հայցը այն հիմքով, որ նախորդ ատյանի կայացրած վճիռը բողոքարկման ենթակա չէ։ Մինչդեռ «Լուսավոր Հայաստանը» ավելի վերև՝ վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Վարչական դատարանի վճիռը, որով մերժվել էր Վանաձորի ընտրություններն անվավեր ճանաչելու և իրենց ավագանիում առնվազն մեկ տեղ տալու մասին։
Համայնքի ավագանու ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանն ասում է՝ այս պահին Վճռաբեկ դատարանի որոշումից է կախված՝ Վարչական դատարանը կվերացնի արգելանքն ավագանու նկատմամբ, թե ոչ։ Մինչդեռ Վճռաբեկ վարչական դատարանն ավելի քան երեք ամիս որոշում չի կայացնում` հայցը վարույթ ընդունի, թե ոչ։
«Դեռևս Վճռաբեկ դատարանը քննում է ողջամիտ ժամկետում, ողջամիտ ժամկետը թե որքան կարող է լինել, դա կարող է լինել այս տարի, կարող է լինել մյուս տարի, ոչ ոք, բացի Վճռաբեկ դատարանից այդ հարցին չի կարող պատասխանել», - նշեց նա:
Երեք ամիս առաջ Ազգային ժողովի ընդունած օրենքով և վարչապետի որոշմամբ Վանաձորը համայնքի ղեկավարի պաշտոնակատար ունեցավ, բայց դեռևս չի լուծվում կառավարման ճգնաժամը։ Խաշորացված համայնքը բյուջե չունի, Վանաձորին միացած գյուղերը՝ վարչական ղեկավարներ։ 2,5 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագրերն էլ օդից կախված են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վանաձորի ավագանու նիստն այսօր կրկին տապալվեց«Չնայած համայնքի ղեկավարի պաշտոնակատար կա, բայց օրինակ` համայնքի ավագանին առ այսօր չունի կանոնակարգ, համայնքը չունի բյուջե, և ավագանին ընդհանրապես Սահմանադրության և Տեղական ինքնակառավարման մասին օրենքով իրեն վերապահված որևէ լիազորություն այսօր չի իրականացնում: Դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցով ավագանին փաստացի զրկված է օրենքով իր վրա դրված լիազորությունն իրականացնելու հնարավորությունից», - ասաց ավագանու լիազոր ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանը։
Դատարանն այսօր նիստը հետաձգեց անորոշ ժամանակով, չնայած հայցվոր ու պատասխանող կողմերը ներկա էին։ Կուսակցություններն այս դատական գործում երրորդ կողմ են, որոնց պատճառով փաստորեն նիստերը հետաձգվում են, ավագանու վրա դրված արգելանքը՝ երկարաձգվում: