ԵՄ ԱԳ նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները երեկ համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որը Եվրահանձնաժողովը ներկայացրել է անցյալ ուրբաթ։ Այն չի ներառում գազի ներկրման արգելք, սակայն էմբարգո է սահմանում ռուսական ոսկու մատակարարումների վրա և խստացնում երկակի նշանակության ապրանքների առևտուրը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ պատժամիջոցների ընդունված 6 փաթեթներն արդեն իսկ լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի վրա:

«Հիմա, երբ պատերազմը ձգձգվում է, և էներգակիրների գները բարձրանում են, մարդիկ Եվրոպայում և այլուր մտածում են՝ այդ պատժամիջոցները գործո՞ւմ են, և/կամ դրանց կողմնակի ազդեցությունները չափազանց մեծ չէ՞ արդյոք: Մենք չենք նսեմացնում տարբեր խնդիրները, որոնք կարող են առաջանալ, այդ թվում՝ սահմանափակող միջոցները շրջանցելու փորձերը, սակայն պատժամիջոցները մնում են կարևոր քաղաքական գործիք», - գրել է Բորելը Եվրամիության կայքէջի իր բլոգում։

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Եվրոպան չպետք է թուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ չնայած գների աճին ու եվրոպացիների համար անհարմարություններին։ «Եվրոպան պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի: Պատերազմը երկար է տևելու, ամրության փորձությունը շարունակվելու է: Մենք այլ ելք չունենք», - գրել է Ժոզեպ Բորելը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը պատրաստում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 7-րդ փաթեթը