Մատչելիության հղումներ

ԵՄ-ն քննարկում է Ռուսաստանից նավթի ներկրման արգելք սահմանելու հարցը


ԵՄ անդամները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Ռուսաստանում արդյունահանված էներգակիրների՝ նախ և առաջ նավթի ներկրումների նկատմամբ էմբարգո սահմանելու հարցում։ Դա պարզ դարձավ երեկ երեկոյան Բրյուսելում ավարտված հավաքից հետո, որին մասնակցում էին դաշինքի անդամ երկրների էներգետիկայի նախարարները։ Մոսկվայի դեմ նավթային էմբարգո սահմանելու գլխավոր հակառակորդները արևելաեվրոպական երկու պետություններն են՝ Հունգարիան և Սլովակիան։

«Հունգարիան չի կարող երաշխավորել իր տնտեսության անխափան գործունեությունը առանց ռուսական նավթի։ Դա է պատճառը, որ մենք չենք պատրաստվում քվեարկել այն պատժամիջոցների օգտին, որոնք կարող են վտանգել Հունգարիայի էներգետիկ անվտանգությունը։ Այնպես որ, Ռուսաստանից նավթի և գազի ներկրումների օգտին մենք չենք քվեարկելու, և դա քաղաքական որոշում չէ», - երեկ երեկոյան լրագրողների հետ զրույցում նշում էր Հուգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Բուդապեշտի, նաև հունգարացիների հետ այս հարցում դաշնակցած սլովակների մոտեցումը զուտ տնտեսական առումով ավելի քան հասկանալի է։ Այս երկրների տնտեսությունները լրջորեն կախված են ռուսական նավթի մատակարարումներից։ Պաշտոնական տվյալների համաձայն` Սլովակիայի ներքին շուկայում ռուսական նավթի չափաբաժինը 2021 թվականին կազմում է 96, իսկ Հունգարիայում՝ 58 տոկոս։ Դա է պատճառը, որ այս երկրները բացառում են նավթային էմբարգոյին կողմ քվեարկելու տարբերակը, ինչը իր հերթին անհնարին է դարձնում ԵՄ կողմից ռուսական նավթի ներկրման արգելքի սահմանումը։

Բանն այն է, որ ԵՄ ներսում գործող կանոնների համաձայն` բոլոր որոշումներն այս կառույցում պետք է կայացվեն միաձայնության սկզբունքի հիման վրա։ Երկուշաբթի երեկոյան, սակայն, մի պահ թվում էր, որ ԵՄ մյուս անդամներին հաջողվել է կոտրել Հունգարիայի և Սլովակիայի դիմադրությունը, և նավթային էմբարգոյի սահմանումը ժամերի հարց է։

«Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոն ավելի ու ավելի հավանական է դառնում։ ԵՄ բարձրաստիճան աղբյուրները քիչ առաջ հաղորդեցին, որ Հունգարիան, Սլովակիան և այս հարցում որոշակի վերապահումներ ունեցող Ավստրիան պատրաստ են քվեարկել էմբարգոյի օգտին», - գերմանական ZDFճի երեկոյան եթերում հաղորդել է հեռուստաընկերության Բրյուսելի թղթակից Գունար Քրյուգերը։

Քիչ անց, սակայն, Հունգարիայի վարչապետի խոսնակ Զոլտան Կովաչը պաշտոնապես հերքեց այս տեղեկությունները՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով. «Նավթային և գազային էմբարգոյի հարցում Հունգարիայի մոտեցումն անփոփոխ է։ Մենք դրանց դեմ ենք»։

Դատելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումներից` ԵՄ ներսում քննարկումները շարունակվում էին ողջ գիշեր։ Առավոտյան կողմ արդեն Reuters գործակալությունը հաղորդեց փոխզիջումային լուծման հնարավորության մասին։ Ըստ դրա` Եվրամիությունը պատրաստ է բացառության կարգով թույլ տալ Հունգարիային և Սլովակիային ռուսական նավթ գնել։ Մեկ այլ տարբերակի համաձայն էլ` այդ երկու երկրների համար կարող է անցումային շրջան սահմանվել, որի ընթացքում Բուդապեշտն ու Բրատիսլավան, ըստ ամենայնի, ստիպված կլինեն աստիճանաբար հրաժարվել ռուսական նավթից։

Իսկ միության առաջատար արդյունաբերական պետությունը՝ Գերմանիան, էներգետիկ էմբարգոյի հարցում շարունակում է հանդես գալ միջանկյալ դիրքերից։ Բեռլինում կողմ են նավթային բայց ոչ գազային էմբարգոյին։

«Գերմանիան դեմ չէ Ռուսաստանից նավթի ներկրման արգելքին։ Դա, իհարկե, ծանր բեռ է մեզ համար, սակայն մենք դրան պատրաստ ենք», - հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

«Մենք պետք է վստահ լինենք, որ դրանում ներառվելու է նաև նավթային էմբարգոն». Զելենսկի

Բրյուսելում ընթացող այս քննարկումներին զուգահեռ պաշտոնական Կիևը շարունակում է ամբողջական նավթային էմբարգո սահմանելու և Ռուսաստանը ֆինանսական շրջափակման ենթարկելու կոչեր հնչեցնել։

«Այս պահին, երբ Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, մենք պետք է վստահ լինենք, որ դրանում ներառվելու է նաև նավթային էմբարգոն, ինչպես նաև բացառելու են տարատեսակ ստվերային սխեմաները, որոնք կարող են թույլ տալ Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները», - այսօր ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Այն նույն ժամերին, երբ Զելենսկին այս ճառով դիմում էր Ալբանիայի խորհրդարանի պատգամավորներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց, որով արգելվում է գործարքներ կնքել, հումք կամ արտադրանք արտահանել այն արտերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք թշնամական վերաբերմունք են ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ։ Երկրի կառավարությանը այդ ոչ բարեկամ կազմակերպությունների և գործիչների ցանկը կազմելու համար տրվել է տասն օր։

XS
SM
MD
LG