Տնտեսական պատերազմ. Ճգնաժամ Եվրոպայում, այնուհետև՝ Ռուսաստանում

Եվրոպացիներն արդեն բախվում են Ռուսաստանի Ուկրաինայում սանձազերծած պատերազմի ծանր հետևանքներին՝ վառելիքի աննախադեպ թանկացումներով պայմանավորված մեծացող գնաճին։ Ռուսական բնական գազից Եվրոպայի կախվածությունը հանգեցրել է էներգետիկ լուրջ խնդիրների, որոնց ազդեցությունն արդեն իսկ տարածվում է դեռևս համավարակից վերականգնվող եվրոյի գոտու երկրների տնտեսության վրա՝ օրեցօր մեծացնելով ճգնաժամի մեջ հայտնվելու վտանգը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն օրերս հայտարարել է, որ իշխանություններն էլեկտրաէներգիա խնայելու նպատակով գիշերային ժամերին հոսանքի անջատումներ և այլ քայլեր են նախատեսում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան պետք է պատրաստվի ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը․ Մակրոն

Գերմանիայում նույնպես կառավարությունը կոչ է անում բնակչությանն ու ձեռնարկություններին խնայել հոսանքը, կարգադրելով ոչ բնակելի շենքերում օդորակիչների տաքացման և սառեցման կարգավորումներն իջեցնել նվազագույնի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոլց․ «Ռուսաստանը էներգակիրները որպես զենք է օգտագործում»

Կարճաժամկետ հեռանկարում Եվրոպայի ամենահրատապ մարտահրավերը 8,6 տոկոս ռեկորդային գնաճի դեմ պայքարն է, ինչպես նաև՝ գալիք ձմեռն առանց էլեկտրաէներգիայի պակասի խնդրին բախվելու անցկացնելը։ Ռուսական բնական գազից կախված Եվրոպայում վառելիքի թանկացումներն ուղղակիորեն են ազդում հատկապես գործարանների աշխատանքի, սննդամթերքի և բենզինի գների վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատմական անկում. Եվրոն հավասարվեց դոլարին

Միայնակ մայր Ջեսիկա Լոբլին, որն իր երկու երեխաների հետ բնակվում է Փարիզի Ժենևիլիե արվարձանում, ուշադրությամբ է հետևում սննդամթերքի թանկացումներին: Ասում է՝ կրճատել է կաթի և յոգուրտի գնումները, հրաժարվել քաղցրավենիքներից։

«Իրավիճակն ավելի կվատթարանա, բայց մենք պետք է սնվենք, որպեսզի գոյատևենք», - ասում է Լոբլին, որը դպրոցական ճաշարանում աշխատելով ամսական 1300-ից 2000 եվրո է վաստակում:

Ռուսաստանը գահավիժում է դեպի երկարաժամկետ տնտեսական լճացում

Մինչ Եվրոպան փորձում է դիմակայել էներգետիկ մարտահրավերներին, Ռուսաստանն իր Կենտրոնական բանկի վարած քաղաքականության և տնտեսությունն ամրապնդելուն ուղղված ջանքերի շնորհիվ առայժմ կարողացել է կայունացնել ռուբլին և զսպել գնաճը՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին: Բնական գազ և նավթ արտահանող Ռուսաստանը շարունակում է խոշոր եկամուտներ ստանալ։ Տնտեսագետները, սակայն, նկատում են, որ այս պատկերն ապակողմնորոշող է, քանի որ Ռուսաստանը պատերազմի պատճառով գահավիժում է դեպի երկարաժամկետ տնտեսական լճացում։ Ըստ վերլուծաբանների, միառժամանակ խուսափելով լիակատար տնտեսական փլուզումից՝ Ռուսաստանը միևնույն է ծանր գին է վճարելու, որը կարտահայտվի ներդրումների կորստով և բնակչության ցածր եկամուտներով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատժամիջոցներն ազդում են Ռուսաստանի տնտեսության վրա

Թեև բազմաթիվ արևմտյան ընկերություններ լքել են Ռուսաստանը, և բոլշևիկյան հեղափոխությանը հաջորդած առաջին դեֆոլտից գրեթե մեկ դար անց երկիրն իր արտաքին պարտքը չվճարելու պատճառով հայտնվել է դեֆոլտում, Մոսկվայի կենտրոնում մոտալուտ ճգնաժամի զգացում չկա։ Ռուսաստանի ծայրամասերում, այդուհանդերձ, այլ պատկեր է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրեմլը հերքում է Ռուսաստանի դեֆոլտի մասին Արևմուտքից հնչող պնդումները

Սոֆյա Սուվորովան, որը բնակվում է Նիժնի Նովգորոդում, ասում է, որ իր ընտանեկան բյուջեն զգալիորեն նվազել է:

«Մենք ռեստորաններից այլևս ուտելիք չենք պատվիրում», - ասում է Սոֆյան սուպերմարկետից գնումներ կատարելիս: - «Նախկինում շատ հարմար էր, քանի որ փոքր երեխաներ ունենք։ Մենք հիմա ավելի քիչ ենք գնում սրճարաններ: Ստիպված ենք կրճատել որոշ ծախսեր, համերգներ և թատրոններ չենք գնում, մեր երեխաներին տանում ենք, բայց մենք չենք գնում»։

Տնտեսագետները վերահաստատում են, որ պատերազմի մեկնարկից ի վեր տարբեր գործոններով պայմանավորված՝ դոլարի նկատմամբ ռուբլու արժևորումը և գնաճի նվազումը չեն արտացոլում ճշգրիտ պատկերը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանում աղքատների թիվն ավելացել է 68.5 տոկոսով

Ըստ փորձագետների՝ պատժամիջոցների պատճառով գումարը Ռուսաստանից դուրս չի գալիս, և արտահանողները ստիպված են նավթից և գազից ստացած իրենց արտասահմանյան եկամուտների մեծ մասը փոխանակել ռուբլու, ինչը խեղաթյուրում է փոխարժեքը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտին. «Ռուսաստանը հաջողությամբ հաղթահարում է պատժամիջոցները»


Իսկ գնաճի մակարդակը «մասամբ կորցրել է իր իմաստը», - վերջերս կատարած վերլուծության մեջ գրել է Գերմանական միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ռուսական տնտեսության փորձագետ Յանիս Կլյուգեն: Պատճառն այն է, որ ցածր գնաճը, հավանաբար, արտացոլում է պահանջարկի նվազումը:

Ըստ քաղաքագետ Իլյա Մատվեևի՝ 2020 թվականին մոտ 2,8 միլիոն ռուսաստանցիներ աշխատանքի են ընդունվել օտարերկրյա ընկերություններում: Եթե մատակարարող ընկերությունները ևս հաշվի առնվեն, ապա մոտ 5 միլիոն աշխատատեղ կամ Ռուսաստանի աշխատուժի 12 տոկոսը կախված է օտարերկրյա ներդրումներից։

Օտարերկրյա ընկերությունները, իհարկե, կարող են ռուս սեփականատերեր գտնել, և պետական աշխատատեղերի գերբեռնվածությունը կկանխի զանգվածային գործազրկությունը, սակայն Կլյուգեի համոզմամբ՝ տնտեսությունը շատ ավելի պակաս արտադրողական կլինի և կհանգեցնի միջին իրական եկամուտների զգալի անկման։