Ֆրանսիան պետք է պատրաստվի ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցմանը՝ ապավինելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներին, նախազգուշացրել է նախագահ Էմանյուել Մակրոնը։
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և դրան հաջորդած պատժամիջոցները բարձրացրել են էներգակիրների և այլ ապրանքների գները: Քանի որ Ուկրաինայում պատերազմի ավարտը չի նշմարվում, ֆրանսիացիները պետք է պատրաստ լինեն նրան, որ ծախսերը բարձր կմնան, ասել է Մակրոնը։
«Ռուսաստանն օգտագործում է էներգիան, ինչպես նաև պարենը, որպես պատերազմի զենք», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
«Պետք է պատրաստվենք մի սցենարի, որտեղ մենք պետք է ամբողջությամբ մնանք առանց ռուսական գազի։ Կառավարությունը կպատրաստի «չափավոր սպառման պլան» էներգիա խնայելու համար՝ սկսելով գիշերային ժամերին փողոցային լույսերը անջատելուց, երբ դա առանձնապես օգուտ չի բերում», - ասել է Էմանյուել Մակրոնը: