2022 թվականի հունվար-մարտին Ռուսաստանում աղքատների թիվը հասել է 20.9 միլիոնի:
Անցյալ տարվա առաջին եռամսյակում Ռուսաստանում աղքատների թվում է եղել 12 միլիոն 400 հազար բնակիչ: Այս տարի այդ թիվն ավելացել է 8.5 միլիոնով, ինչը կազմում է 68.5 տոկոսի աճ:
Այս վիճակագրությունը հրապարակել է ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայությունը (Росстат):
Կառույցն իր հաշվարկների հիմքում դնում է 12 հազար 916 ռուբլի եկամուտը, որն, ըստ իշխանության, բավարար է Ռուսաստանում նվազագույն կենսամակարդակ ապահովելու համար:
Ըստ Ռոսստատի, 2021-ի առաջին եռամսյակի համեմատությամբ այս տարի ռուսաստանցիների միջին եկամուտը 47 հազար 694 ռուբլուց իջել է մինչև 36 հազար 234 ռուբլի, ինչը կազմել է 24 տոկոսի անկում:
Միջին աշխատավարձը Ռուսաստանում 62 հազար 828 ռուբլուց իջել է մինչև 60 հազար 101 ռուբլի, ինչը կազմել է 4.3 տոկոսի անկում:
Զբաղված բնակիչների թիվը 2022-ի առաջին եռամսյակում նվազել է 800 հազարով:
Սոցիալական վճարումների թիվը նշված ժամանակաշրջանում նվազել է 19.4 տոկոսով:
Միևնույն ժամանակ, եկամուտների ընդհանուր կառուցվածքում ձեռնարկատիրական և այլ արտադրական գործունեությունից ստացված եկամուտների տեսակարար կշիռն ավելացել է ընդամենը 0.7 տոկոսով: