Կանադան Գերմանիա է ուղարկել վերանորոգված գազատուրբինը, Զելենսկին դժգոհում է

Siemens-ի գազատուրբինը, արխիվ

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ հուլիսի 17-ին Կանադան օդանավով Գերմանիա է ուղարկել վերանորոգված գազատուրբինը, որն օգտագործվում է Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք» գազատարով գազ մատակարարելու համար։ Գերմանիայից այն Ռուսաստան՝ Լենինգրադի մարզի «Պորտովայա» կոմպրեսորային կայան կհասնի հուլիսի 24-ին:

Հունիսին «Գազպրոմ»-ը Եվրոպա գազի մատակարարումների կտրուկ կրճատումը բացատրել էր Կանադայի իշխանությունների որոշմամբ՝ Ռուսաստան չվերադարձնել Siemens գազային տուրբինները, որոնք վերանորոգվում էին Կանադայում։ Ավելի ուշ, Բեռլինի խնդրանքներից հետո, Օտտավան որոշեց վերադարձնել տուրբինը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադան կվերադարձնի «Հյուսիսային հոսք 1»-ի ռուսական տուրբինը

Ուկրաինան Կանադային կոչ էր արել չվերադարձնել տուրբինները՝ մեղադրելով Ռուսաստանին Գերմանիային «շանտաժի ենթարկելու» մեջ։ Կիևը հանդես է գալիս Եվրամիության երկրների՝ ռուսական գազից ամբողջությամբ հրաժարվելու օգտին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուր քննադատության է ենթարկել տուրբինը վերադարձնելու որոշումը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Ուկրաինայի քաղաքացիները երբեք չեն համաձայնի դրան, և որ այն ընդունվել է՝ «իրականում խախտելով պատժամիջոցների ռեժիմը»։

Կիրակի օրն Օտտավայում և Մոնրեալում բողոքի ցույցեր են անցկացվել՝ ընդդեմ «Հյուսիսային հոսք»-ի համար նախատեսված տուրբինի Գերմանիային փոխանցման, հայտնում է France-Presse-ը։

«Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթը Ռուսաստանին գազային տուրբինների մատակարարման արգելք չի պարունակում, ուստի դրա հետ կապված դժվարություններ չպետք է լինեն։ Սակայն մաքսային ընթացակարգերի ժամանակ հնարավոր են ուշացումներ», - գրում է «Կոմերսանտ»-ը։