Կանադայի կառավարությունը Բեռլինի խնդրանքով պլանավորում է բացառության կարգով պատժամիջոցներից հանել «Հյուսային հոսք» գազատարի համար նախատեսված «Գազպրոմի» տուրբինը։ Այն վերանորոգելու նպատակով Կանադա էր ուղարկվել, բայց հետագայում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով տուրբինը վերադարձնելը անհնարին էր դարձել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները։
«Գազպրոմը», պատճառաբանելով տուրբինի անհրաժեշտությունը, 40 տոկոսով կրճատել է Գերմանիայի գազամատակարարման ծավալները «Հյուսիսային հոսք» գազատարով։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը Bloomberg գործակալությանն ասել է, որ տուրբինը պետք է վերադարձվի Գերմանիա, այն Ռուսաստանին փոխանցելու համար։
«Ես առաջինը կլինեմ, որ կպայքարեմ Եվրամիության պատժամիջոցների փաթեթի հետագա ուժեղացման համար, բայց ուժեղ պատժամիջոցները նշանակում են, որ նրանք պետք է ավելի վնաս և ցավ պատճառեն Ռուսաստանին և Պուտինին, քան մեր տնտեսությանը»,- ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
Ուկրաինայի կառավարության աղբյուրները Reuters-ին ասել են, որ եթե Կանադան վերադարձնի «Գազպրոմի» տուրբինը, ապա Ուկրաինայի իշխանությունները կդիմեն եվրոպացի գործընկերներին՝ խնդրելով վերանայել պատժամիջոցների ռեժիմի իրականացման մոտեցումները։