Վաղը Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին երկկողմ հանդիպումը։ Տեղեկությունը տարածեց պաշտոնական Երևանը՝ հավելյալ մանրամասներ չհայտնելով հանդիպման օրակարգի ու բովանդակության մասին։
Ադրբեջանի նախագահը ևս այսօր խոսել է նախարարների վաղվա հանդիպման մասին՝ հույս հայտնելով, որ այն արդյունավետ կլինի: Իլհամ Ալիևի խոսքով` այդ հանդիպման օրակարգային հարցերը սեղանին են, և դրա լավագույն արդյունքը կարող է լինել հայկական կողմի աշխատանքային խմբի ձևավորումը:
«Ադրբեջանը արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խումբը, մինչդեռ Հայաստանը դեռ քայլ չի արել այս ուղղությամբ»,- նախարարների կաբինետի նիստում դժգոհել է Ալիևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը հուսով է, որ Բաքուն կդադարեցնի առավելապաշտական նկրտումները և ավելի կառուցողական դիրքորոշում կցուցաբերիՄիևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ սահմանազատման հարցով հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ նիստը նախատեսված է հաջորդ ամիս: Հայկական կողմն առայժմ ոչինչ չի հայտնել փոխվարչապետերի նախագահությամբ մայիսին ձևավորված հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպման մասին։ Իլհամ Ալիևն ասել է, որ նիստը նվիրված կլինի գործնական հարցերի քննարկմանը:
«Իհարկե, այս ձևաչափով համագործակցությունից մենք դեռ արագ արդյունք չենք ակնկալում, քանի որ դելիմիտացիան երկարատև գործընթաց է: Սակայն, ամեն դեպքում գործընթացը մեկնարկել է, և մենք այն գնահատում ենք որպես դրական զարգացում»,- ասել է Ալիևը:
Նա պնդել է, թե սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին նիստը կայացել է Բաքվի նախաձեռնությամբ, քանի որ Ադրբեջանը ձգտում է դելիմիտացիայի ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկել, սակայն հայկական կողմը այնքան էլ հակված չէ դրան։ Հանձնաժողովները նախագահող փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը հանդիպել էին մայիսի վերջին՝ հայ - ադրբեջանական սահմանին։ Իսկ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածությունը դրանից առաջ ձեռք էին բերել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կրկին մայիսին Բրյուսելում Եվրոպական խորհրդի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո ԿլաարինԱդրբեջանի ղեկավարը նշել է, որ չնայած վերջին վեց ամսվա ընթացքում որոշակի քայլեր են ձեռնարկվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այնուհանդերձ, ցավոք, իրական արդյունքներ դեռևս չկան: Ալիևը պնդել է, թե 44-օրյա պատերազմից 1 տարի և 8 ամիս անց Հայաստանը դեռ չի կատարել ստանձնած պարտավորությունները, մասնավորապես, դժգոհել է, թե հայկական զորքերը դեռ Լեռնային Ղարաբաղում են։ Ավելին, Ալիևը պնդել է, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը Բաքու կատարած այցի ժամանակ խոստացել է, որ հայկական զորքերը մինչև հունիս դուրս կբերվեն Ղարաբաղից, բայց այդ խոստումը դեռ չի կատարվել։
Ադրբեջանի ղեկավարի դժգոհություններն այսքանով չեն ավարտվել։ Նա ասել է, թե հայկական կողմը Ադրբեջանի և Նախիջևանի կապը ապահովելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկել, մինչդեռ Ադրբեջանը երաշխավորում է Հայաստանի կապը Ղարաբաղի հետ Լաչինի ճանապարհով։
Ալիևի այս հայտարարությունները և արտգործնախարարների վաղվա հանդիպման մասին տեղեկությունը հետևում են Եվրամիության հատուկ ներկայացուցչի այցին Երևան ու Բաքու։ Տոյվո Կլաարը Երևանում հանդիպեց Հայաստանի վարչապետին ու Անվտանգության խորհրդի քարտուղարին՝ քննարկելով բրյուսելյան պայմանավորվածությունները, իսկ այսօր արդեն Բաքվում նրան ընդունել է Ադրբեջանի նախագահը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցական ուղիների բացման, ականների խնդրի շուրջ, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած քաղաքացիների խնդրի վերաբերյալ: Ադրբեջանի նախագահը ընդգծել է «բրյուսելյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը»: