Այսօր մեկնարկում է Միացյալ Նահանգների նախագահի այցը Հորդանան գետի արևմտյան ափ և Արևելյան Երուսաղեմ։ Ջո Բայդենը կհանդիպի պաղեստինյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ավելի ուշ Բեթղեհեմում կհանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ:
Նախագահի պաշտոնում մերձավորարևելյան իր առաջին ուղևորությունը Բայդենը սկսեց Իսրայելից, որտեղ տեղական հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում հայտարարեց, որ Վաշինգտոնը հավատարիմ է մնում Իրանի միջուկային համաձայնագրի վերականգմանը։
«Միակ բանը, որն այժմ գոյություն ունի Իրանից ավելի վատ՝ միջուկային զենք ունեցող Իրանն է, մենք պետք է կարողանանք վերադառնալ գործարքին և ամուր կանգնել», - ասել է Բայդենը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենն Իսրայելում է, օրակարգի կարևորագույն հարցերից է Իրանի միջուկային ծրագիրըԻսրայելը 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի սուր քննադատն էր և ողջունում էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ համաձայնագրից միակողմանիորեն դուրս գալու որոշումը, որը հանգեցրեց գործարքի տապալմանը։
Բայդենն իր նախորդի այդ որոշումը «մեծ սխալ» է անվանել և ընդգծել, որ Իրանը արագացրել է իր միջուկային ծրագիրը համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո։ Ըստ ԱՄՆ նախագահի, Իրանն այժմ ավելի մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, քան նախկինում։
«Կարծում եմ, որ նախկին նախագահի կողմից գործարքից դուրս գալը մեծ սխալ էր: Նրանք այժմ ավելի մոտ են միջուկային զենքի ստեղծմանը, քան նախկինում, և դա կապ չունի այն բանի հետ, թե արդյոք Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պատրաստվում է կանգ առնել կամ շարունակել իր գործունեությունը։ Մենք կարող ենք դրա դեմն առնել՝ միաժամանակ սահամանփակելով միջուկային ծրագիրը», - ասել է Բայդենը։
Իրանը պնդում է, որ իր ծրագիրն իրականացնում է խաղաղ նպատակներով, թեև ՄԱԿ-ի փորձագետները և արևմտյան հետախուզական գործակալությունները փաստում են, որ Թեհրանը կազմակերպված ռազմական միջուկային ծրագիր ուներ նախքան 2003 թվականը: Միջուկային համաձայնագիրը չեղարկում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները՝ միջուկային գործունեության հետ կապված խիստ սահմանափակումներ սահմանելու և մոնիտորինգ անցկացնելու պայմանով:
Բայդենը վերահաստատել է, որ Վաշինգտոնը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստեղծել՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ ռազմական ուժ կկիրառի միայն ամենածայրահեղ դեպքում:
Բայդենի հաջորդ կանգառը Սաուդյան Արաբիան է
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը նշել է, թե ինչու է իր այցը Սաուդյան Արաբիա կարևոր և անհրաժեշտԱյս ուղևորության մյուս կանգառը Սաուդյան Արաբիան է, որտեղ Բայդենը կքննարկի այդ երկրից նավթի արտահանման ծավալներն ավելացնելու հարցը։
Եթե նրան հաջողվի համաձայնության հասնել, ապա ըստ վերլուծաբանների, սա կնպաստի ԱՄՆ-ում հասունացող վառելիքի ճգնաժամի կանխարգելմանը։
Ուկրաինայի դեմ Ռուսաստնի հարձակումից հետո Վաշինգտոնը հրաժարվեց ռուսական նավթից, ինչի հետևանքով ԱՄՆ-ում վառելիքը թանկացել է։
Փորձագետների կարծիքով, սակայն, նույնիսկ եթե Սաուդյան Արաբիան համաձայնի ավելի շատ նավթ արդյունահանել, անհայտ է, թե որքան ժամանակ նրանք կարող են շահագործել հանքավայրերը լրիվ ծավալներով, և արդյոք աշխարհն ունի բավարար վերամշակման ռեսուրսներ՝ հավելյալ հումքը վառելիքի վերածելու համար։