«ԲՀԿ ընտրակաշառքի գործով» մեկ տասնյակ մեղադրյալի հետապնդումը դադարեցվել է, նույնը կարող է լինել նաև Գագիկ Ծառուկյանի դեպքում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, արխիվ

Իրավապահները վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն առնչվող ընտրակաշառքի գործով անցնող ավելի քան մեկ տասնյակ մեղադրյալների քրեական հետապնդումը։ Նրանք ընտրական գործընթացներում ներգրավված, ընտրակաշառքի հետ կապ ունեցած անձինք են։ Նույնը հնարավոր է տեղի ունենա ԲՀԿ առաջնորդի դեպքում՝ եթե Գագիկ Ծառուկյանը համաձայնի այդ սցենարին։

Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում քրեական պատասխանատվությունից ազատվածների անունները, հայտնի է միայն, որ նրանց մեջ գլխավոր մեղադրյալ Ծառուկյանը դեռ չկա, փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ վաղեմության ժամկետի դեպքում քրեական հետապնդումը դադարեցվում է, մեղադրյալն էլ չի արդարացվում. - «Իմ կողմից նշված այդ մեկ տասնյակ անձանց մեջ Գագիկ Ծառուկյանը չի մտնում։ Վարույթը շարունակվում է։ Ինչպես նշեցի, բոլոր անձանց հետ կապված պրոցեսը իրականացվելու է։ Համապատասխան փուլերում դրան էլ անդրադարձ կկատարվի»։

Ըստ օրենքի, եթե մեղադրյալը համաձայնում է վաղեմության ժամկետի կիրառման հետ, քրեական հետապնդումը դադարեցվում է, հակառակ դեպքում գործը քննվում է սովորական ընթացակարգով։ Եվ քանի դեռ այս գործում դադարեցված չէ Ծառուկյանի ու մյուսների մեղադրանքը, վարույթը շարունակվում է. - «Միջոցներ են ձեռնարկվում հանցագործության հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հընթացս նաև իրականացվում է դրանում ներգրավված մյուս անձանց արարքներին իրավական գնահատական տալու գործընթացը։ Այսինքն՝ վարույթի համապատասխան փուլում ներգրավված մյուս անձանց հետ կապված ևս կկայացվեն դատավարական որոշումներ, որոնք նաև կապված կարող են լինել ոչ արդարացնող հիմքով, կրկին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումները դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև, հնարավոր է, վարույթը շարունակելու կապակցությամբ»։

Նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում հենց այն ժամանակ, երբ սկսեց քննադատել Փաշինյանի կառավարությանը՝ պահանջելով նրա հրաժարականը։ 2020-ի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկեց Ծառուկյանի՝ Կոտայքի մարզում գտնվող առանձնատունը՝ ցուցադրելով դրանց կադրերը։ Ընդդիմադիր գործչին մեղադրեցին 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։

Ընդդիմադիր պատգամավորին զրկեցին անձեռնմխելիությունից, ապա կալանավորեցին։ Անազատության մեջ մեկ ամիս անցկացնելուց հետո մեծահարուստ պատգամավորն ազատ արձակվեց 100 միլիոն դրամ գրավի դիմաց։

Երկու տարի առաջ կառավարության հրաժարականը պահանջող, այժմ նույն կառավարությունից Հատիսի գագաթին վիճահարույց արձան կառուցելու նախնական դրական կարծիք ստացած Ծառուկյանն օրերս կրկին պնդել է իր պահանջը, բայց իր մեղադրյալի կարգավիճակին չի անդրադարձել։

«Ինչ որ ես պահանջում եմ, ոչ մի բան չի փոխվել», - արձանի հիմնարկեքի օրը հայտարարել էր Ծառուկյանը։

Նրա փաստաբանն այսօր չպարզաբանեց՝ ի վերջո կհամաձայնի՞ իրավապահների առաջարկին՝ դադարեցնել քրեական հետապնդումը, բայց չհամարվել արդարացված։ Դեռ ամիսներ առաջ Էմին Խաչատրյանն ասել էր, որ իր պաշտպանյալը արդարացում է պահանջում, ոչ թե՝ վաղեմության ժամկետով քրեական հետապնդման դադարեցում։. - «Մեր պնդումը մենք վերահաստատում ենք, որ քրեական գործով որևէ ապացույց ձեռք չի բերվել, որը կարող է վկայի, որ պարոն Ծառուկյանը կատարել է իրեն վերագրվող արարքները։ Արդեն պետք ա որ վերջնական իրավական գնահատականի արժանացնեն, որովհետև սույն գործի, ճիշտ ա, ինքը ծավալուն գործ ա, բազմադրված գործ ա, բայց ամեն դեպքում չի կարող հավերժ տևել էս գործի քննությունը։ Նա հայտնել ա դիրքորոշում, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որ ինքը չի կատարել իրեն վերագրվող արարքները»։

Ծառուկյանի հետ մեղադրյալ են նրա բիզնես կայսրության ղեկավար Սեդրակ Առուստամյանն ու ԲՀԿ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը։

Ըստ իրավապահների` 2017-ի ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակում 22 համարը զբաղեցրած տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Պողոսյանը մեկ այլ քրեական գործով իրավապահներին պատմել էր, որ 2017-ին Ծառուկյանը հրավիրել է իրեն և առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն Գեղարքունիքի մարզում։ Եվ պայմանավորվածության համաձայն՝ Պողոսյանը դիմել է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին՝ անհրաժեշտ գումարը ստանալու համար։ Ըստ դատախազության, հենց նրանք են զբաղվել ֆինանսական հարցերով։

Առուստամյանի փաստաբանը Հովիկ Սուքիասյանն ասաց՝ պաշտպանյալը մեղքը չի ընդունում. - «Որևէ հանցանք ինքը չի կատարել։ Վերագրված հանցանքը լրիվ ապօրինի ա, ընտրակաշառքի հետ կապված ինքը որևէ բան չի կատարել, որևէ արարք չի կատարել, որ դատապարտելի ա»։

Եթե Ծառուկյանն ու Առուստամյանը չհամաձայնեն վաղեմության ժամկետի կիրառմանը, ապա գործը կուղարկվի դատարան, որն էլ դատաքննության ընթացքում կպարզի՝ մեղավոր են նրանք, թե ոչ։ Եվ մեղավոր ճանաչվելու դեպքում, ի տարբերություն սովորական ընթացակարգի, մեղադրյալը չի ազատազրկվի։