Մատչելիության հղումներ

Վճռաբեկ կդիմեն թե՛ Ծառուկյանի փաստաբանները, թե՛ Դատախազությունը. երկու կողմն էլ գոհ չէ Վերաքննիչի որոշումից


ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանում է դատարան, Երևան, 21-ը հունիսի, 2020թ.
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ժամանում է դատարան, Երևան, 21-ը հունիսի, 2020թ.

Ընտրակաշառք տալը կազմակերպելու համար մեղադրվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն ու Գլխավոր դատախազությունը պատրաստվում են վճռաբեկ բողոքներ ներկայացնել։ Երկու կողմն էլ գոհ չէ Վերաքննիչի որոշումից։

Հուլիսի 8-ին վերաքննիչ ատյանը մասնակի բավարարել էր Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանել էր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության: 63-ամյա Ծառուկյանին կալանավորելու որոշում չէր կայացրել և հարցի քննությունը կրկին թողել էր առաջին ատյանին։

Դեռ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը՝ կալանքի տակ առնել Ծառուկյանին, պնդելով, որ ճիշտ է, կա հիմնավոր կասկած, որ ԲՀԿ առաջնորդը կատարել է այդ հանցագործությունը, սակայն ընդդիմադիր գործիչը կարող է գտնվել ազատության մեջ։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ։ Գլխավոր դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին։

«Ազատության» հետ զրույցում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց՝ կդիմեն Վճռաբեկ դատարան, քանի որ կարծում են՝ Վերաքննիչը պետք է իրենց դիմումը բավարարեր և կալանավորեր մեծահարուստ Ծառուկյանին։ Մինչդեռ այս հարցը Վերաքննիչը թողել է առաջին ատյանի դատարանի վրա։ Դատախազությունը բազմիցս է ասել, որ նման ազդեցության լծակներ ունեցող Ծառուկյանը ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը։

«Այն, ինչ չէր արել առաջին ատյանի դատարանը, այն հիմքերը, որոնք ներկայացրել էինք կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, Վերաքննիչ դատարանը ինքնուրույն կվերլուծեր այդ ներկայացված հիմնավորումները և ելնելով դրանից՝ ինքը որոշում կկայացներ, ինչը մենք չունենք այս պահի դրությամբ: Բայց ուզում եմ նաև արձանագրել մի կարևոր հանգամանք, որ Վերաքննիչ դատարանը իր այս որոշմամբ ոչ միայն գտել է, որ մեղսագրվող արարքներին Գագիկ Ծառուկյանի առնչության հիմնավոր կասկածն առկա է, այլ նաև անդրադարձել է այդքան չարչրկված քննչական ենթակայության հարցին և իրավաչափ է համարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչներին հանձնելու՝ Դատախազության որոշումը», - ասաց Աբրահամյանը:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչը մերժել էր ընդդիմադիր գործչի փաստաբանական խմբի բոլոր պահանջները։ Նրանք պահանջում էին վերանայել առաջին ատյանի դատարանի այդ գնահատականը, թե կա հիմնավոր կասկած, որ Ծառուկյանը կատարել է իրեն առնչվող հանցագործությունը, նաև այն, որ այս քրեական գործը պետք է քննի ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունը, այլ Հատուկ քննչական ծառայությունը։

«Ազատության» հետ զրույցում Ծառուկյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը պնդեց՝ Վերաքննիչի որոշումն անօրինական է, այն պետք է կա՛մ մերժեր, կա՛մ բավարարեր իրենց պահանջները։ Վճռաբեկ բողոքում նաև այս հարցն են բարձրացնելու։

Փաստաբան Դիլբանդյանն ասում է, որ Վերաքննիչ դատարանը համաձայնել է առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, թե կա հիմնավոր կասկած, որ Ծառուկյանը կատարել է այդ հանցագործությունը, նաև՝ որ ազատության մեջ Ծառուկյանը չի թաքնվի իրավապահներից։

Ինչ վերաբերում է կալանքի համար անհրաժեշտ մյուս հիմքին՝ ազատության մեջ գործի քննությանը խոչընդոտելուն, ապա Վերաքննիչը կարծիք է հայտնել, որ Ծառուկյանին չկալանավորած առաջին ատյանի դատարանը չի հետազոտել նրա առանձնատնից խուզարկությամբ առգրավված փաստաթղթերը։ Ըստ փաստաբանի, առաջին ատյանի դատարան դրանք չեն ներկայացվել, բայց Վերաքննիչը գործը հետ ուղարկելով պնդում է, որ դրանք պետք է քննվեն։ Փաստաբանը սա ևս համարում է անօրինական։

«Եվ հիմնական շեշտը դրել է հենց էդ փաստաթղթերի հետազոտման վրա, որ «դուք պետք է էդ փաստաթղթերը հետազոտեք, որովհետև էդ փաստաթղթերում կան տեղեկություններ, որոնք կարող են վկայել խոչընդոտելու հանգամանքի առկայության մասին», - ասաց Դիլբանդյանը:

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակի 22 համարը զբաղեցրած Վազգեն Պողոսյանը դեռ փետրվարին է իրավապահներին հայտնել ընտրակաշաքի բաժանման մասին, երբ իր ղեկավարած ընկերությունում բոլորովին այլ քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել էին ընտրակաշառքին վերաբերող որոշակի փաստաթղթեր։ Նա պատմել էր՝ Ծառուկյանն է կազմակերպել, որ ինքն ընտրակաշառք բաժանի։

ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG