Ինձ վրա հոխորտալու փոխարեն թող բանակը բարեփոխեն. Սեյրան Օհանյանը պատասխանում է Սուրեն Պապիկյանին

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը:

«Ես զանգահարել եմ զինվորական կոմիսարին հարցնելու համար` ո՞րն է պատճառը, որ այդքան մեծ քանակությամբ մեր համակիրներ ընդգրկված են ցուցակներում», - ասաց Օհանյանը:

Պապիկյանը, ակնարկնելով ԱԺ նիստերի դահլիճից բացակայող Սեյրան Օհանյանին, հարցրել էր՝ ի՞նչ իրավունքով է զանգել գլխավոր զինկոմին:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատված.

Սեյրան Օհանյան. - Ես զանգահարել եմ զինվորական կոմիսարին հարցնելու համար` ո՞րն է պատճառը, որ այդքան մեծ քանակությամբ մեր համակիրներ ընդգրկված են ցուցակներում, ծանուցագրեր են ստացել, որովհետև այդքան զուգադիպություն չի կարող լինել, և ես կարծում եմ, որ սա հետևությունն է Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի` ամիսներ առաջ այն խոսքի, որ Երևանի փողոցներում ընդդիմադիրներն են, տեսեք` ինչպիսի կազմ-պատրաստություն ունեն, նրանց պետք է բոլորին զորակոչել:

Զորակոչը, զորահավաքը պատիժ չպետք է լինի, և իմ խոսքի մեջ ես ասել եմ` այդպիսի ցուցում եղե՞լ է` հատուկ ցուցակով զորակոչել:

«Ազատություն». - Նախարարի անունը տվե՞լ եք, թե՞ ոչ:

Սեյրան Օհանյան. - Պաշտպանության նախարարի անուն չեմ տվել, և դա ինձ պետք էլ չէ կյանքում, որովհետև ես այդ պաշտոնով անցել եմ, և ինքն ասել է` ո՛չ, այդպիսի ցուցում չի եղել, և ասել եմ` խնդրում եմ, ուշադիր եղեք այդ հարցերին, որովհետև այդպիսի զուգադիպություն չի լինի:

Իսկ ամենասարսափելին, ամենաբացասականն այն է, որ հարցերին պատասխանելու, նշված հարցերը բարձրագույն ամբիոնից ներկայացնելու փոխարեն պաշտպանության նախարարը հոխորտում է, թե ի՞նչ իրավունք ունեք զանգահարելու, ասենք, գեներալներին և այլն: Ուզում եմ ասել այսօրվա իշխանավորներին բոլորին, որ պատգամավորը, ընդ որում նաև ես` որպես ֆրակցիայի ղեկավար, իրավունք ունեմ բանավոր, գրավոր հարցեր, հարցապնդումներ անել և դրանց պատասխանը ստանալու ոչ միայն իշխանավորներին, ոչ միայն գեներալներին, այլ հենց նույն Պապիկյանին: Ի՞նչ է նշանակում հոխորտալ և ասել` դրա մեջ իրավական, չգիտեմ, ինչ կա, հետապնդումներ պետք է անեն: Իրենք իրենց տեղը պետք է իմանան, ընդ որում նաև ես իրավունք ունեմ յուրաքանչյուր մարդու հետ շփվելու, մանավանդ իմ ծառայակից ընկերների հետ իմ խոսակցությունը եղել է, կա ու միշտ էլ լինելու է բարեկրթության բոլոր նորմերի մեջ:

Փոխանակ այդպիսի հոխորտանքով խոսեն, իրենք պետք է զբաղվեն բանակի բարեփոխումներով:

«Ազատություն». - Նա ասում է, որ իրավական պատասխանատվություն կարող է առաջացնել զինվորականներին քողարկված կոչեր հնչեցնելը, իսկ այդպիսի լուրեր, ասաց, իրեն հասել են: Դուք եք նաև այս հայտարարության հասցեատերը:

Սեյրան Օհանյան. - Այդ ելույթի ժամանակ, կարծում եմ, որ հասցեատերը ես եմ, որովհետև ինքն ասաց, որ «իրենք մոռանում են, որ իրենք այլևս պաշտոնատար չեն, պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պաշտոնները չեն զբաղեցնում»: Ոչ միայն այս իշխանության, այլ նաև նախկին իշխանության, 2016թ. հոկտեմբերի 3-ից հետո ես շատ քիչ եմ զանգել մեր զինվորականներին, նրանց հետ շփվել և մանավանդ ինչ-որ քաղաքական հայտարարություններով փորձել ինչ-որ կոչեր անել կամ սպառնալիքի լեզվով խոսել:

«Ազատություն». - Բայց նախապատմություն կա, պարո՛ն Օհանյան, վարչապետի ձեր թեկնածուն` Վազգեն Մանուկյանն ասում էր, որ պատերազմի օրերին զանգել է զինվորականներին, ասել` թողեք, եկեք, Երևանում պայքարեք, դուք Օնիկ Գասպարյանին էիք կանչում հրապարակ` Հայրենիքի փրկության շարժումը նկատի ունեմ հանրահավաքների ժամանակ:

Սեյրան Օհանյան. - Մարդիկ պետք է իմանան` ով է զանգել, ով է շփվել և ինչի մասին է խոսել: Նույն մեր հանրությունից թաքցնելու ես բան չունեմ, նույն Սուրեն Պապիկյանի հետ ես նաև մի քանի անգամ շփվել եմ, և ինքը տեսել է` ինչպիսին է իմ շփման մակարդակը, ինչպիսին է իմ բարեկրթությունը մարդկանց հետ շփվելիս: