Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում, 55 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ, ընդունեց Պաշտպանության մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների փաթեթը։
Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Սա դասեր քաղելու նախագծերի փաթեթ է, որովհետև մենք դառը փորձ ունենք, կյանքը ցույց է տվել, որ շատ հարցերում մենք, թերացումների պատճառով, մեր խնդիրները չենք կարողացել լուծել։ Խնդիրն ամենևին անձերի մեջ չէ, խնդիրը համկարգային է, և սա այն ճանապարհն է, որի միջոցով մենք փորձելու ենք համակարգային փոփոխությունների գնալ և համակարգը դարձնել ավելի սահուն և ղեկավարման օղակը դարձնել վերից վար», - նախքան քվեարկությունն ասաց նախարարը։
Անդրադառնալով քննադատությանը, թե սա Զինված ուժերը նախարարին ենթարկելու փորձ է, Պապիկյանը հակադարձեց՝ ոչ թե փորձ է, այլ հստակ քայլ է՝ «Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին»։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չմասնակցեցին ո՛չ նիստին, ո՛չ քվեարկությանը։ Պապիկյանն ասաց, որ ընդդիմադիրների օբյեկտիվ առաջարկները չէր մերժի, իսկ «պատատակերին և թաքուն քննադատությունները չի ընդունելու ի գիտություն»։