Թուրքիայում գները շարունակում են սրընթաց կերպով աճել՝ հունիս ամսին հասնելով վերջին ավելի քան երկու տասնամյակների ընթացքում առավելագույն մակարադակին՝ 78,62 տոկոսի: Այս մասին տեղեկացնում է երկրի Ազգային վիճակագրական ինստիտուտը՝ նշելով, որ կտրուկ աճել են, մասնավորապես, տրանսպորտի և պարենային ապրանքների գները։
Չնայած այս արդեն դրամատիկ պատկերին, ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները կեղծում են վիճակագրությունը․ տնտեսության վիճակը երկրում շատ ավելի անմխիթար է։
Խոշորագույն ընդդիմադիր ուժի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն վիճակագրական պետական գերատեսչությանը մեղադրել է «ստերի» մեջ՝ կոչ անելով «դադարեցնել այդ հանցագործություններն՝ ի շահ նախագահ Էրդողանի»։
Գնաճի ուսումնասիրությամբ զբաղվող Enag կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում միայն վերջին մեկ տարվա ընթացքում կյանքը թանկացել է 175,55 տոկոսով, իսկ գները մեկ ամսում աճել են ոչ թե մոտ 4 տոկոսով, ինչպես ներկայացնում է կառավարությունը, այլ կրկնակի․ կառույցը պնդում է, որ հունիսին Թուրքիայում գները նախորդող ամսվա համեմատ աճել են 8,31 տոկոսով։
Թուրքիայում տնտեսական ճգնաժամը խորանում է տարեսկզբից՝ ազգային տարադրամի արժեզրկման ուղեկցությամբ․ հունվարից լիրան դոլարի դիմաց արժեզրկվել է ավելի քան 45 տոկոսով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիրան կրկին անկում է ապրում, Reuters-ը թուրքական տարադրամի նոր ճգնաժամ է կանխատեսումԹուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է ներմուծումից․ սննդամթերքից մինչև տեքստիլ և այլ ապրանքատեսակներ ներմուծվում են դրսից, հետևաբար սպառողական ապրանքների գները երկրում ուղղակիորեն կախված են լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքից։
Թուրքական տարադրամի գահավիժումը սկսվել է Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների հերթական նվազեցման ֆոնին։
Թուրքիայի գլխավոր դրամատունն այդկերպ հետևում է նախագահ Ռեջեփ Էրդողանի ոչ ավանդական տնտեսական քաղաքականության պլանին։ Թուրքիայի իշխանություններն, իրենց բնորոշմամբ, «հանուն անկախության տնտեսական պատերազմ» են մղում՝ ցածր տոկոսադրույքներ սահմանելու օգնությամբ։
Չնայած անարդյունավետ այդ քաղաքականությանը, որն արդեն հանգեցրել է երկրում աննախադեպ գնաճի, գործազրկության, նախագահ Էրդողանը մտադիր չէ հրաժարվել, մասնագետների գնահատմամբ, ֆինանսական քաղաքականությանը այդ կոպիտ միջամտությունից։
Թուրքիայի նախագահը հույս ունի, որ ցածր տոկոսադրույքների պահպանումը մրցունակ տարադրամի պայմաններում կնպաստի տնտեսական աճին և Թուրքիայի արտահանման պոտենցիալին։
Աշխարհով մեկ արձանագրվող գնաճի ֆոնին կենտրոնական բանկերը քննարկում են տոկոսադրույքների բարձրացման հնարավորությունը, բայց ոչ Թուրքիայում։ Էրդողանի վարչակազմը համոզված է՝ գնաճը կանգ կառնի ինքն իրեն։
Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին վաստահեցնում է՝ սպառողական գները կսկսեն նվազել մինչև տարեվերջ:
«Ես խոստանում եմ ձեզ և նախագահին, որ դեկտեմբերից սկսած մենք ականատես կլինենք գնաճի անկմանը», - անցած շաբաթ հայտարարում էր նախարար Նեբաթին: