Ըստ տնտեսագետների` առաջիկայում սպառողական ապրանքների գնաճը կարող է գերազանցել 30 տոկոսը
Թուրքիայի ազգային տարադրամը երկրորդ օրն անընդմեջ գերազանցում է իր անկման ռեկորդը՝ դոլարի նկատմամբ արժեզրկվելով՝ հասնելով ամերիկյան արժույթի մեկ միավորի դիմաց 16.13 լիրայի։ Այս մասին են վկայում բորսաների առավոտյան առքուվաճառքի առցանց տվյալները։ Այսպիսով, հինգշաբթի օրվա համեմատ թուրքական լիրան արժեզրկվեց ևս 2.7 տոկոսով։
Թուրքական տարադրամը նոր թափով գահավիժեց Կենտրոնական բանկի կողմից տոկոսադրույքների հերթական նվազեցման ֆոնին։ Թուրքիայի ԿԲ-ն այդկերպ հետևում է նախագահ Ռեջեփ Էրդողանի ոչ ավանդական տնտեսական քաղաքականության պլանին։
Տնտեսագետների գնահատմամբ` առաջիկա ամիսներին Թուրքիայում սպառողական ապրանքների գնաճը կարող է գերազանցել 30 տոկոսը, իսկ ԿԲ-ի զեղչային դրույքը կնվազի մինչև 14 տոկոս` ստիպելով բնակչությանն ու բիզնեսին լիրան վերածել դոլարի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի արտարժույթի պահանջարկի մեծացման:
Հունվարից լիրան դոլարի դիմաց արժեզրկվել է ավելի քան 45 տոկոսով
Թուրքական ազգային տարադրամի դրամատիկ արժեզրկումը շարունակվում է տարեսկզբից, հունվարից լիրան դոլարի դիմաց արժեզրկվել է ավելի քան 45 տոկոսով: Թուրքիայի իշխանություններն, իրենց բնորոշմամբ, «հանուն անկախության տնտեսական պատերազմ» են մղում ցածր տոկոսադրույքներ սահմանելու օգնությամբ։
Չնայած անարդյունավետ այդ քաղաքականությանը, որն արդեն հանգեցրել է երկրում աննախադեպ գնաճի, գործազրկության, նախագահ Էրդողանը մտադիր չէ հրաժարվել, մասնագետների գնահատմամբ, ֆինանսական քաղաքականությանը այդ կոպիտ միջամտությունից։ Թուրքիայի նախագահը հույս ունի, որ ցածր տոկոսադրույքների պահպանումը մրցունակ տարադրամի պայմաններում կնպաստի տնտեսական աճին և Թուրքիայի արտահանման պոտենցիալին։
Աշխարհով մեկ արձանագրվող գնաճի ֆոնին` կենտրոնական բանկերը քննարկում են տոկոսադրույքերի բարձրացման հնարավորությունը, բայց ոչ Թուրքիայում։ Այդ երկրի ղեկավարը համոզված է՝ գնաճը կանգ կառնի ինքն իրեն։
«Մենք վճռական ենք՝ հնարավորինս արագ վերջ դնելու այն անորոշությանը, որն առաջացել է փոխարժեքի տատանումների ու ահռելի թանկացումների պատճառով»,- երեկ թուրքական լիրայի հերթական գահավիժման ֆոնին` հայտարարում էր երկրի առաջնորդը։
Թուրքիայի տնտեսությունը մեծապես կախված է ներմուծումից՝ սննդամթերքից մինչև տեքստիլ և այլ ապրանքատեսակներ ներմուծվում են դրսից, հետևաբար սպառողական ապրանքների գները երկրում ուղղակիորեն կախված են լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքից։
Ամենացայտունը, թերևս, լոլիկի օրինակն է։ Լոլիկ աճեցնելու համար թուրք հողագործներին անհրաժեշտ են ներկրվող պարարտանյութեր և գազ։ Երկրի հարավային գյուղատնտեսական շրջանի՝ Անթալիայի Առևտրի պալատի տվյալներով՝ լոլիկի գինն անցյալ տարվա համեմատ աճել է ավելի քան 70 տոկոսով։
«Մենք թույլ չենք տա, որ մեր թուրքական լիրան կուլ գնա: Այս պահին կան անախորժություններ, որքան հնարավոր է շուտ կհաղթահարենք դրանք, դրանում ոչ ոք չպետք է կասկածի»։ Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը, սակայն, քաղաքացիներին չի սփոփում: Reuters-ի հետ զրույցում տնտեսական աննախադեպ ճգնաժամից դժգոհող թուրքերը իշխանություններից հստակ քայլեր են պահանջում
«Ես չգիտեմ` որքան հեռուն կգնա այս ամենը։ Դրա համար նրանք պետք է ինչ-որ բան անեն։ Քաղաքացիների վիճակը ծանր է, նրանց գնողունակությունը նվազել է, վարձակալները, օրինակ, մարդիկ դպրոցական երեխաներ ունեն, նրանց աշխատավարձերը․․․ ակնհայտ է ․․․ ես չգիտեմ, թե սա որքան հեռուն կգնա, դժվար է», - լրատվամիջոցի հետ զրույցում տարակուսում է արհեստավոր Մեհմեթ Գյուները։
Լիրայի շարունակական արժեզրկումից մեծապես տուժում են հատկապես տաքսու վարորդները։ Ազգային տարադրամի գահավիժումը իր հերթին հանգեցրել է բենզինի, դիզվառելիքի և հեղուկ նավթի գների կտրուկ աճի՝ մոտ 50 տոկոսով. Թուրքիայի նավթի ավելի քան 90 տոկոսը նույնպես ներկրվում է։
«Դժվար ժամանակներ են տաքսու վարորդների համար, քանի որ բենզինի, դիզվառելիքի և հեղուկ գազի գները բարձրացել են։ Շատ դժվար է, և մենք չգիտենք՝ դա պայմանավորված է ԱՄՆ դոլարի, թե այլ արտարժույթի արժևորմամբ։ Ինչ-որ է ․․․ մենք տուժում ենք Թուրքիայում` նավթի թանկացման պատճառով»։
Ճգնաժամն Էրդողանի քաղաքական հետևանքն է. Financial Times
Երկրում բողոքի ցույցեր հարուցած ֆինանսատնտեսական ճգնաժամը, Financial Times-ի գնահատմամբ, Էրդողանի քաղաքականության հետևանքն է։
«Թուրքիայի ղեկավարի հետզհետե ավելի անկանխատեսելի գործողություններն անկայունության մթնոլորտ են ստեղծում, ինչը վախեցնում է ներդրողներին։ Իսկ Էրդողանը բոլոր անախորժությունների համար մեղադրում է «արտաքին թշնամիներին», - գրում է պարբերականը, ապա ամփոփում․ «Ամբողջ հարցն այն է, թե որքան ժամանակ Էրդողանը կմնա իշխանության ղեկին և դեռ որքան ժամանակ կունենա ազգային տնտեսությանը վնաս հասցնելու համար»։