Իշխանությունների հեռացումը պահանջող ընդդիմադիրներն այսօր կրկին մայրաքաղաքի փողոցներում էին. ցուցարարները խորհրդարանի դիմացից երթով գնացին դեպի Եվրամիության գրասենյակ՝ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինից պահանջելով չլռել, իրենց գնահատմամբ, իշխանությունների հակաժողովրդավարական գործողությունների մասին։
Ցուցարարները ԵՄ դեսպանատուն էին եկել դեսպանի ու Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) արդեն նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի՝ միջոցառումներից մեկի ժամանակ արված համատեղ մի լուսանկարով։
Ընդդիմադիրներն իրենց վրդովմունքը հայտնեցին, որ դեսպան Վիկտորինը ԲԴԽ ղեկավարի ձայնագրության վերաբերյալ որևէ դիրքորոշում մինչ այսօր չի ներկայացրել: Աղմկահարույց ձայնագրությունում Ջհանգիրյանը համոզում էր իր նախորդին՝ Ռուբեն Վարդազարյանին հրաժարական ներկայացնել՝ քրեական հետապնդումից ազատելու խոստման դիմաց։
«Էդ մարդը գրեթե մեկուկես տարի դատական բոլոր ռեֆորմների կատարողն է, բոլոր կալանքների հետևում կանգնած մարդը, ԵՄ դեսպանն ասելիք չունի՞, ԵՄ դեսպանը չի՞ ուզում ասի՝ սա՞ էր իր պատկերացրած ռեֆորմը, որովհետև ինքը հակառակ դեպքում հավասարապես կիսում է Գագիկ Ջհանգիրյանի կատարած բոլոր արարքները», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն:
Խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն իր ելույթում ասաց՝ ԵՄ դեսպանը Հայաստանի ներսում ապօրինությունների, ժողովրդավարության նահանջի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնում: Թեև անցած տարի Եվրամիության միջնորդությամբ տասը հայ ռազմագերի էր հայրենադարձվել, պատգամավորը սակայն կարծում է, որ Եվրամիությունը նաև պատշաճ չի արձագանքել այս խնդրին:
«Մենք մինչ այսօր, այս պահին ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, որոնք խոշտանգվում են, անմարդկային վերաբերմունքի են արժանանում, Եվրոպայի համար էդ երկիրը հիմա ժողովրդավա՞ր ա, թե՞ չէ: Հասկանանք էլի՝ իրանց պատկերացրած ժողովրդավարությունն էն ա, որ ինչ-որ Ադրբեջան կարա հայ ռազմագերիներին պահի ու դրա համար պատասխանատվության չենթարկվի՞, մի հատ ձևական սանկցիա էլ չլինի՞», - ընդգծեց Վարդևանյանը:
Ցույցի ընթացքում ելույթ ունեցավ նաև նույն խմբակցությունից դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը. «Նրանք աչք են փակում բոլոր անօրինականությունների, քաղաքական հետապնդումների, դատարանների դեմ հարձակումների, ամեն րոպե մեկ անձի, մեկ մարդու կամքով օրենքները փոխելու այն խայտառակ պրակտիկային, որ հանդիպում ենք անցնող տարիներին»:
Սա ընդդիմադիրների՝ ԵՄ դեսպանատան առջև իրականացրած առաջին ակցիան չէր։ Մեկ ամիս առաջ նույն վայրում նման մի ցույցի ընթացքում Արամ Վարդևանյանից հետաքրքրվել էինք՝ ինչո՞ւ նման ակցիաներ այլ երկրների, օրինակ, Ռուսաստանի դեսպանատան առջև չեն իրականացնում։ Պատգամավորը պատասխանել էր՝ միջազգային հանրության բոլոր ներկայացուցիչներին այս ամենը ներկայացնում են, բայց Արևմուտքն է Հայաստանը ժողովրդավարական համարում, իսկ Ռուսաստանից նման հայտարարություններ ինքը չի լսել:
Եվրամիության գրասենյակից այսօր ցուցարարներին լսելու ոչ ոք չեկավ, իսկ դեսպանն ավելի վաղ անդրադառնալով ցույցերին ու դրանց ընթացքում ոստիկանության գործողություններին, ասել էր՝ պետք է հետաքննել՝ պարզելու՝ արդյոք եղե՞լ են անհամաչափ ուժի կիրառման դեպքեր:
Իշխանությունների հրաժարականը պահանջող ընդդիմադիրները շաբաթներ առաջ Ֆրանսիայի հրապարակը բացելուց հետո ավելի հազվադեպ են երթեր իրականացնում, փոխարենը շաբաթը մի անգամ հանրահավաք են հրավիրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները ԵՄ դեսպանից պահանջում են դատապարտել օրերս կառավարական առանձնատների մոտ կատարվածը