Ղազինյանը հայտնում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտնում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ Այդ մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ շեշտելով՝ ստեղծված իրավիճակում դա համարում է «ամենաճիշտ ու արդարացված որոշումը»:

Ղազինյանը նշել է, որ պատճառների մասին հիմա չի ցանկանում խոսել՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով՝ «դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ»։

«Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ», - մասնավորապես գրել է Ղազինյանն՝ ընդգծելով, որ շարունակելու է մասնակցել «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաներին:

«Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները», - գրել է պատգամավորը:

Ուրբաթ օրն Ազգային ժողովը, փակ-գաղտնի քվեարկությամբ, Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Սաղաթելյանը հայտնեց, որ ընդդիմադիր խմբակցություններն ինքնակամ կհրաժարվեն Ազգային ժողովում զբաղեցված մյուս պաշտոններից ևս։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունն ԱԺ-ում կհրաժարվի վարչական մյուս պաշտոններից, թեկնածու չի առաջադրի․ Սաղաթելյան
Ավելի ուշ Ազգային ժողովի ընդդիմադիր երկու` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հայտնեցին հանձնաժողովներում իրենց պաշտոններից հրաժարվելու մասին​։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիրները հրաժարվում են ԱԺ հանձնաժողովներում իրենց պաշտոններից