Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները հրաժարվում են ԱԺ հանձնաժողովներում իրենց պաշտոններից


Ազգային ժողովի ընդդիմադիր երկու` «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հրաժարվում են հանձնաժողովներում իրենց պաշտոններից:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը հրաժարվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի, «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանը` Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի, իսկ Թադևոս Ավետիսյանը` Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոններից:

«Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն էլ հայտարարել է շարունակել իր գործունեությունը՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անկուսակցական, անկախ նախագահ:

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանն էր հրաժարական ներկայացրել Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Իսկ Ազգային ժողովն արտահերթ նիստում Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին հեռացրեց համապատասխանաբար խորհրդարանի նախագահի տեղակալի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններից:

Իշխան Սաղաթելյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ընդդիմությունը օրենսդիրում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից:

Ընդդիմադիր 2 խմբակցությունների պատգամավորները նախագահի պաշտոն ունեն մշտական 12 հանձնաժողովներից 3-ում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG