Հայ-թուրքական բանակցային գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից. Ռուբեն Ռուբինյան

«Հայ-թուրքական բանակցային գործընթացի հաջողությունը կախված է Անկարայի քաղաքական կամքից», - Թուրքիայի ներկայացուցչի հետ Վիեննայում վաղը կայանալիք հանդիպումից առաջ այսօր հայտարարել է բանակցություններում Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանը:

«Ես կարող եմ ասել, որ այս գործընթացի մեկնարկից ի վեր Հայաստանը շատ կառուցողական է եղել, Հայաստանը ունի քաղաքական կամք և ցուցադրել է այդ քաղաքական կամքը արագ կարգավորման հասնելու։ Գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի համապատասխան կառուցողականությունից և քաղաքական կամքից», - ասաց նա։

Վաղը Վիեննայում կայանալու է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների չորրորդ հանդիպումը: Առաջին անգամ հայ և թուրք պատվիրակները վեց ամիս առաջ հանդիպել էին Մոսկվայում, իսկ հաջորդ երկու հանդիպումները կայացել էին Ավստրիայի մայրաքաղաքում։ Վիեննա մեկնելուց առաջ Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուբինյանը բանակցությունների օրակարգի մասին մանրամասներ չի հայտնել. - «Բնականաբար, օրակարգը վերաբերում է կարգավորման գործընթացին, և քննարկվելու են էն հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Մնացածը, կարծում եմ, երբ որ վերադառնամ, ավելի ճիշտ կլինի»։

Թուրք սյունակագիր, արտաքին քաղաքական հարցերով վերլուծաբան Այդըն Սեզերը «Ազատության» հետ զրույցում նշեց, թե այսքան կարճ ժամանակում էական առաջընթաց ակնկալել հնարավոր չէ, բայց բանակցությունների շարունակություն ինքնին դրական արդյունք է. - «Կարծում եմ, տարածաշրջանային զարգացումների ֆոնին երկու երկրները հարաբերությունների կարգավորման հարցում այսքան կարճ ժամանակում ավելի շատ փորձում են լսել ու հասկանալ միմյանց դիրքորոշումները: Անկեղծ ասած, ես նույնպես այս փուլում, հատկապես Թուրքիայի պարագայում, սխալ եմ համարում շտապողականությունը: Երկու երկրների միջև ուղիղ հաղորդակցությունն արդեն իսկ կարևոր զարգացում է»:

Չնայած Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե եկել է ժամանակը շփումները երկու մայրաքաղաքներ տեղափոխելու, մինչև օրս այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրներում:

Այս հարցի վերաբերյալ Ռուբինյանը հիշեցրել է Հայաստանի ԱԳՆ-ի ամիսներ առաջ արած հայտարարությունը, թե հանդիպման վայրը միայն տեխնիկական խնդիր է, կարևորը քաղաքական կամքն է. - «Թուրքիայի կողմից հնչեցված առաջարկը այն ժամանակ՝ հանդիպումը անցկացնել Երևանում, ենթադրում է, որ մեր թուրք գործընկերները գործընթացը տեսնում են կամ ուզում են տեսնել որպես իրապես երկկողմ գործընթաց։ Բայց այդ համատեքստում մի փոքր տարօրինակ են Թուրքիայի տարբեր պաշտոնյաների կողմից հնչում հայտարարություններն առ այն, որ իրենք գործընթացը կոորդինացնում են, կամ համաձայնեցնում են Ադրբեջանի հետ»։

Թուրք վերլուծաբանի կարծիքով, Թուրքիայում և' քաղաքական բոլոր կուսակցությունները, և' հասարակությունը ընդհանուր առմամբ դրական են վերաբերվում հայ-թուրքական կարգավորմանը, իսկ գործընթացի ձգձգումը ավելի շատ կապված է ներքաղաքական օրակարգի հետ. - «Աննախադեպ տնտեսական խնդիրների և հատկապես նախընտրական շրջանի պատճառով Թուրքիայի ուշադրությունը շեղվել է արտաքին քաղաքական հարցերից: Դրա համար էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում հաստատուն և մնայուն քայլեր չեն արվում: Կարծում եմ, խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի արտաքին քաղաքական իրավիճակի և ներկայիս պայմանների հետ»:

Անդրադառնալով Անկարայից հնչող հայտարարություններին, թե անհրաժեշտ է հնարավորինս շուտ բացել Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը կապող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ Ռուբեն Ռուբինյանը կրկնել է օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այդ պնդումները չեն նպաստում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. - «Ես կարող եմ ասել, որ այդ հայտարարությունները ոչ մի կերպ չեն նպաստում Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթացին, թերևս նույնիսկ հակառակը»։

Այդըն Սեզերի համոզմամբ, թուրք պաշտոնյաների՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները ներքին լսարանին են ուղղված, իրականում Անկարան ցանկանում է, որ Երևանն ու Բաքուն կյանքի կոչեն եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները. - «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերյան հայտարարության մեջ Զանգեզուրի միջանցքի մասին խոսք չկա, նշվում է միայն տրանսպորտային ուղիների մասին: Այդ պատճառով էլ Թուրքիան իրականում շեշտում է եռակողմ հայտարարության դրույթների իրագործման մասին»:

Հայ և թուրք բանագնացների մինչև օրս կայացած բոլոր հանդիպումներից հետո կողմերը վերահաստատել են գործընթացը առանց նախապայմանների շարունակելու պատրաստակամությունը՝ հայտարարելով, որ բանակցությունների վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է: Ավելի քան կես տարի ընթացող բանակցությունների միակ առարկայական արդյունքը առայժմ երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է, որը դադարել էր 2019-ի վերջին: