Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանի կարծիքով` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսակետից աննախադեպ իրադրություն է ստեղծվել: Նա համոզված է, որ ճանաչման գործընթացը մոտակա տարիներին լայնորեն առաջ կգնա:
«Ես կարևորում եմ, որ Միացյալ Նահանգներն ավարտեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ես դա կարևորում եմ ոչ միայն ԱՄՆ-ի տեսակետից, այլ պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհի երեք պետություն, որոնք մաս են կազմում Անվտանգության խորհրդի, ճանաչել են և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆրաստյանը:
Ըստ նրա` հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայ-թուրքական բանակցությունների ընթացքում թուրքական կողմը կփորձի ճնշում գործադրել հայկական կողմի վրա և պարտադրել ընդունել իր առաջ քաշած պայմանները: Բացի այդ, նա չի բացառում, որ բանակցային գործընթացի ընթացքում տեղի ունենան սադրանքներ, օգտագործվի Ադրբեջանը այդ նպատակի համար և՛ Հայաստանի, և՛ Արցախի դեմ:
«Թուրքական կողմը, կարծում եմ, խնդիրները կփորձի ներկայացնել ոչ թե որպես նախապայման, այլ բանակցային գործընացի մաս: Եվ փաստորեն կհիմնվի Թուրքիան այն մոտեցման վրա, որը Թուրքիայում ձևավորվել է Էրդողանի կառավարման շրջանում, այսինքն` ոչ թե Թուրքիան հիմա ժպտում է, որ ասում է` չի եղել ցեղասպանություն, այլ եղել է տեղահանություն, ինչպես տասնյակ տարիներ է արել, բայց ժամանակակից Թուրքիան ասում է, որ եղել են իրադարձություններ, որ մենք որակում ենք տեղահանություն, հայկական կողմը որակում է Ցեղասպանություն, պետք է մեկ անգամ ևս հավաքվել, պատմաբանները, մասնագետները թող որոշեն` իսկապես ինչ է եղել»:
Սա թուրքագետը համարում է պատմական ճշմարտությունը խեղաթյուրելու ավելի նուրբ փորձ:
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.