Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի, մասնավորապես՝ սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Նա կառուցողական է համարել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
«Կողմերին հաջողվում է մոտեցնել իրենց դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի վերաբերյալ»,- ասել է փոխվարչապետը։
Մհեր Գրիգորյանի փոխանցմամբ` «այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են ավտոմոբլիլային ու երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերի մշակումը»։
Երեք երկրների փոխվարչապետների վերջին հանդիպումը Սանկտ Պետերբուրգում էր հունիսի 20-ին:
Եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 3-ին Մոսկվայում։
Հանդիպման արդյունքների վերաբերյալ Ռուսաստանի կառավարության հաղորդել էր, որ կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։