Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել Հայաստանի վրա նոր հարձակումը. քննարկում

Ադրբեջանն ուզում է լեգիտիմացնել նոր հարձակումը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի վրա, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ նկատելով՝ մեծ խաղացողների միջև հիմա լարված է վիճակը, այս դեպքում փոքրերը շատ մեծ վտանգի տակ են։

Հայաստանի օկուպացիան, ըստ քաղաքագետի, այս իրավիճակում շատ հնարավոր տարբերակ է։

«Քանի որ միջազգային հանրության արձագանքները բավական բացասական էին՝ և՛ պատերազմի նկատմամբ, և՛ պատերազմից հետո Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանը հիմա աշխատում է այն ուղղությամբ, որ բացատրի, որ դա ճիշտ է, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, Հայաստանը չի ուզում դելիմիտացիա, դեմարկացիա։ Դա է պատճառը, որ ուզած-չուզած դու պետք է այդ պրոցեսներում լինես ու ոչ մի դեպքում ոչ չասես», - ասաց Գրիգորյանը։

Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ իր սեփական ուժերով ապահովել Արցախի անվտանգությունը, շեշտեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանն՝ ընդգծելով՝ եթե Արցախում չկա օտարերկրյա ռազմական ներկայություն, ապա ամենայն հավանականությամբ Ադրբեջանը Արցախը գրավում է։

Ըստ քաղաքագետի, շատ երկար ժամանակ հայկական կողմը պետք է մոռանա նաև 2020-ին կորցրած թեկուզ 1սմ տարածք հետ վերադարձնելու մասին։

Նշելով, որ 2023-ից ադրբեջանցիները սկսելու են Շուշի քաղաքի և Հադրութի շրջանի բնակեցումը և, ըստ ադրբեջանական ծրագրերի, առաջիկա 8-10 տարիներում ադրբեջանցիների թիվը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում հասնելու է մինչև 50 հազարի, Պողոսյանն ասաց՝ որքան էլ դա հայկական կողմին դուր չգա, կանխել հնարավոր չէ։

Այս պայմաններում, քաղաքագետի խոսքով, պետք է կենտրոնանալ երկու խնդրի վրա՝ անել ամեն ինչ, որպեսզի Արցախում լինի օտարերկրյա ռազմական ներկայություն, և անել ամեն ինչ, որպեսզի արցախահայերի թիվը այդ 3 հազար քառակուսի կիլոմետրի վրա չնվազի, կամ առնվազն չնվազի արագընթաց տեմպերով։

«Մենք պետք է կենտրոնանանք այս երկու խնդիրների վրա, մնացած ամեն ինչ մեր հնարավորությունների սահմանից դուրս է», - ասաց Պողոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․