2020-ի նոյեմբերի 9-ի գործով նախաքննությունը շարունակվում է, այդ թվում՝ Միրզոյանի նկատմամբ բռնության դրվագով

2020-ի նոյմեբերի 9-ին Կառավարության, Ազգային ժողովի շենքերում, պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով ԱԱԾ-ում նախաքննություն շարունակվում է, այդ թվում՝ այն ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու դրվագով, «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին դատախազությունից։

Քրեական գործով, ըստ դատախազության, ներկայումս 25 անձ ունի մեղադրյալի կարգավիճակ։

Քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրեական գործ։ Գործերից 5-ով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Դրանցից 1-ով 1 անձ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան։ Նշված դատավճռի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մերժվել է։

1 քրեական գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձինք դատապարտվել են 4-ական տարվա ազատազրկման, սակայն պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը մասնակիորեն բավարարվել է և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է ազատազրկում 2 տարի ժամկետով։ Դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։

1 քրեական գործով, կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը), ամբաստանյալը դատապարվել է տուգանքի 150 հազար դրամի չափով։

1 քրեական գործով էլ 3 անձինք (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել են 3-ական տարվա ազատազրկման, նրանց նկատմամբ պատիժը պայմանակնորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան, իսկ 1 քրեական գործով դատապարտվել է 2 անձ, մեկը՝ 3 տարվա ազատազրկման և 500 հազար դրամ տուգանքով, մյուսը՝ 6 տարվա ազատազրկման։

Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ հայտնի դարձավ ղարաբաղյան պատերազմում հայկական կողմի պարտության և հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրման մասին, Երևանում անկարգություններ սկսվեցին, հարձակման ենթարկվեցին Ազգային ժողովի, կառավարության շենքերը, Ազգային ժողովի մոտակայքում դաժան ծեծի ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Նրա ծեծի գործով կան մեղադրյալներ, իրավապահները չեն հայտնում նրանց անունները։Նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործերով մոտ մեկ տասնյակ մարդ արդեն դատապարտվել է տարբեր պատժաչափերով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 2020-ի նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով ևս երկու անձինք դատապարտվեցին 3 և 6 տարվա ազատազրկման