Մատչելիության հղումներ

2020-ի նոյեմբերի 10-ի գործով ևս 2 աձի մասով նախաքննությունն ավարտվել է․ դեպքերը տեղի են ունեցել նաև «Զվարթնոց»-ում


Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքում, 10-ը նոյեմբերի, 2020թ
Բողոքի ակցիայի մասնակիցները կառավարության շենքում, 10-ը նոյեմբերի, 2020թ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ ավարտվել է ևս երկու անձանց մասով 2020-ի նոյեմբերի 10-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ինչպես նաև դրանց մասնակցելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Ըստ հաղորդագրության, «Այլընտրանք» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Մանթաշյանը, կառավարության շենքում կոչով դիմել է այդ պահին ուղիղ եթերով իրադարձությունները լուսաբանող լրատվամիջոցներին, ինչպես նաև զանգվածային անկարգության մասնակիցներին, որի ընթացքում կեղծ տեղեկություններ է հայտնել, թե իբր պաշտոնատար անձինք փորձում են հեռանալ երկրից, ապա կոչ է արել փակել հատուկ պահպանության օբյեկտ համարվող «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, ինչպես նաև կառավարական կեցավայրը և թույլ չտալ որևէ պաշտոնատար անձի լքել երկիրը։

ԱԱԾ-ն նշում է, որ Մանթաշյանն, անմիջականորեն ղեկավարելով զանգվածային անկարգություններ իրականացնող ամբոխի գործողությունները, վերջիններիս ուղղորդել է իր կողմից մատնանշված վայրեր՝ իր հերթին նույնպես ուղևորվելով «Զվարթնոց» օդանավակայան։

«Արդյունքում, կառավարության շենքում զանգվածային անկարգություններին մասնակցող անձինք, այդ թվում՝ գործով մյուս մեղադրյալ Գ. Գ-ն, շարժվել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ իրականացրել և մասնակցել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին։ Ապօրինի մուտք են գործել հատուկ պատվիրակությունների ճանապարհման և դիմավորման սրահի տարածք, ապա նաև արգելված գոտի հանդիսացող թռիչքուղի և տևական ժամանակ չենթարկվելով «Զվարթնոց»-ի անվտանգության աշխատակիցների և ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, փորձել են մոտենալ նույն պահին ուղևորներով բեռնված հերթական միջազգային չվերթ իրականացնող և շարժման մեջ գտնվող օդանավին ու դադարեցնել օդանավի՝ թռիչքուղիով շարժը և այն ապօրինի խուզարկել, որի ընթացքում հնչեցրել են բռնություն կիրառելու սպառնալիքներ՝ այդ կերպ վտանգելով հասարակական անվտանգությունը, խաթարելով օդանավակայանի բնականոն գործունեությունը, իրական վտանգ ստեղծելով այլ անձանց կյանքի և առողջության համար», - ասված է հաղորդագրությունում:

Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, Կառավարության շենքում գտնվող զանգվածային անկարգությունների մասնակիցներից ավելի քան 50 հոգի, Նարեկ Մանթաշյանի կազմակերպմամբ, անմիջապես շարժվել են կառավարական կեցավայր, վնասելով բացել են մուտքի դարպասները, ներխուժել կեցավայրի տարածք, այնուհետև՝ վարչապետին հատկացված առանձնատուն՝ ոչնչացնելով ու վնասելով այնտեղ գտնվող տարատեսակ գույքը, ինչպես նաև հափշտակել տարբեր իրեր՝ այդ կերպ իրականացնելով գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններ:

Նարեկ Մանթաշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ հիշյալ մեծածավալ քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով արդեն իսկ ընդհանուր առմամբ 29 անձի նկատմամբ 10 քրեական գործեր անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազին՝ գործն ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի գիշերը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, մայրաքաղաք Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները նախ հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։ Կառավարության առանձնատների հարակից տարածքում դաժան ծեծի ենթարկվեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

XS
SM
MD
LG