ԱՄՆ-ը Ուկրաինայում ռազմական հանցագործությունները հետաքննելու համար հատուկ խումբ է ստեղծում

Ուկրաինա - ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդը և Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան, 21-ը հունիսի, 2022թ.

Միացյալ Նահանգները Ուկրաինայում իրականացված ռազմական հանցագործությունները հետաքննելու համար հատուկ խումբ է ստեղծում։ Այս մասին նախօրեին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը։

Խումբը կգլխավորի Արդարադատության նախարարության սպա Էլի Ռոզենբաումը, որն առավել հայտնի է «Նացիստների որսորդ» մականունով։

Ռոզենբաումը 1994-ից 2010 թվականներին ղեկավարել է ԱՄՆ արդարադատության նախարարության հատուկ հետաքննությունների գրասենյակը։ Ժամանակին նա բացահայտել ու արտաքսել է նացիստական ռազմական հանցագործների, ինչպես նաև փորձել է զրկել նրանց ամերիկյան քաղաքացիությունից: Ռոզենբաումը բրիտանացի պատմաբան Գայ Ուոլթերսի հաշվարկով՝ 100-ից ավելի նացիստի է հայտնաբերել։

Ուկրաինայում ռուս զինծառայողների դեմ ավելի քան 16 հազար քրեական գործ է քննվում։ Կասկածյալների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, նույնիսկ լրատվամիջոցների ներկայացուցիչներ կան։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան ասում է՝ նրանք այժմ գտնվում են Ռուսաստանում, ուստի հեռակա կարգով կենթարկվեն հետապնդման։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան իր հերթին հավաստիացրել է, որ Միացյալ Նահանգները կանի հնարավորը Ուկրաինայում ռազմական հանցագործություն գործած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ «Պատերազմական հանցագործները թաքնվելու տեղ չունեն: ԱՄՆ արդարադատության նախարարությունը կօգտագործի բոլոր հնարավորությունները՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, ովքեր ռազմական հանցագործություններ և այլ վայրագություններ են գործում Ուկրաինայում», - նշել է Ռոզենբաումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արևմուտքը կհետաքննի Ուկրաինայում ռազմական հանցագործությունները

Հատուկ խմբում կաշխատեն ամերիկացի առաջատար փորձագետներ, որոնք կհետաքննեն մարդու իրավունքների խախտումները և ռազմական հանցագործությունները։ Բացի այդ, ԱՄՆ-ը նախատեսում է Ուկրաինա ուղարկել կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի փորձագետ։ Եվս երկու ամերիկացի փորձագետ կաշխատի Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։ Նրանք կաջակցեն տեղական իշխանությունների՝ պատժամիջոցները շրջանցելու ռուսական փորձերի դեմ պայքարին։

Ամերիկացի մասնագետների աշխատանքի մյուս ուղղությունը արևմտյան պատժամիջոցների ցանկում հայտնված ռուս օլիգարխների ակտիվների որոնումն ու բռնագանձումն է լինելու։ Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան այս օգնությունը շատ կարևոր է համարում. «Մենք բոլորս հասկանում ենք, որ գործ ունենք շատ ուժեղ թշնամիների հետ»: ​

Պատերազմական հանցագործությունների մասին Ուկրաինական ու Արևմուտքը սկսեցին խոսել հատկապես Բուչայի սպանդից հետո։ Ռուսական ուժերը Կիևի մարզի Բուչա քաղաքից հեռացել էին ապրիլի 5-ին: Դրանից հետո քաղաքում հայտնաբերվել են գնդակահարված մարդկանց դիեր:

Ուկրաինան և արևմտյան երկրները Բուչայում ռուսական բանակի գործողությունները «պատերազմի հանցագործություն» և «ցեղասպանություն» էին որակել: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս մեղադրանքները և պնդում, թե ուկրաինական կողմն է կեղծ տեղեկություններ, բեմականացված լուսանկարներ ու տեսագրություններ տարածել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի համոզմամբ, կան ռուսական ուժերի կողմից պատերազմական հանցագործության մասին վկայող փաստեր