ԱՄՆ-ի Սենատը պատրաստվում է քննարկել և քվեարկել զենքի հսկողությունը խստացնող օրինագիծ

Հրազենի խանութ, արխիվ, ԱՄՆ

Ամերիկյան Սենատը նախնական քայլն է արել երկրում զենքի վերահսկման հիմնարար օրենքն ընդունելու ուղղղությամբ: Դա կլինի անցած տասնամյակների ընթացքում առաջին այդօրինակ օրենքը:

Օրենսդիրներն այդ նախաձեռնությամբ են հանդես եկել Նյու Յորքի և Թեքսասի նահանգներում հրազենի օգտագործմամբ վերջերս տեղի ունեցած և ամբողջ երկիրը ցնցած երկու զանգվածային արյունալի հարձակումներից հետո:

Օրենքի նախագծով՝ դաշնային իշխանությունը պետք է օգնի նահանգային իշխանություններին զենքը վտանգավոր անձանց համար անմատչելի դարձնելու խնդրում:

Բացի այդ, ընտանեկան բռնության մեջ մեղադրված բնակիչները կզրկվեն զենք գնելու իրավունքից:

Սենատորները նախօրեին հավանություն են տվել օրինագծի քննարկման և քվեարկության ընթացակարգին: Եթե նախագիծն ընդունվի, դա կլինի Կոնգրեսում հաստատված տարիների կտրվածքով ամենաէական վճիռը զենքի հսկողության հարցում:

Միացյալ Նահանգներում բնակիչն ունի զենք պահելու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք:

Հանրությունը տասնամյակներ շարունակ պահանջում է հնարավորինս խստացնել օրենքը, սակայն դրան դեմ է զինագործների շահերը ներկայացնող լոբբին, որն ամենահզորներից է երկրում:

ԱՄՆ-ում հրազենի օգտագործմամբ գրոհները համարվում եմ ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակասություններ ԱՄՆ-ում զենքի խստացումների մասին օրինագծի շուրջ. Սենատի հանրապետականները դեմ են փոփոխություններին