Պաշտոնական Երևանը չի արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին չխոսելու բանավոր պայմանավորվածություն կա, ու եթե հայկական կողմը շարունակի բարձրացնել կարգավիճակի հարցը, դա կարող է հանգեցնել նոր առճակատման։
Ի՞նչ պայմանավորվածության մասին է խոսում Ադրբեջանի նախագահը, ո՞ւմ հետ է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել, արդյոք Հայաստանի ղեկավարի՞։ Այս հարցով «Ազատությունը» դիմել է արտաքին գերատեսչություն, պատասխան դեռևս չի ստացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի կնքումը շատ հեռու է. Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Օլեսյա ՎարդանյանՆախօրեին էլ Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղարն էր հայտարարել, թե Ալիևի պահանջով բանակցային լեքսիկոնից հանվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» և «կարգավիճակ» եզրույթները։
Փաշինյան - Ալիև վերջին՝ բրյուսելյան բանակցություններից հետո տարածված հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի մասին հիշատակում չկար, փոխարենը Եվրոպական խորհրդի ղեկավարը խոսել էր Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին։
Ղարաբաղի կարգավիճակից չխոսելու պայմանավորվածությունների մասին Ալիևի հայտարարություններին չանդրադառնալով՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Արմենպրեսի» հետ զրույցում կրկին պնդել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, սակայն այսօր չի պարզաբանել՝ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին Հայաստանի պատկերացումը որն է։
«Ինչ հայտարարություններ էլ հնչեն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շարունակում է գոյություն ունենալ, քանի դեռ չեն հասցեագրվել Արցախի հայերի անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության բավարար երաշխիքների և դրանից բխող Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Ժամանակակից աշխարհում ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակը հիմնախնդրի լուծում չի կարող լինել»,- նշել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևի պահանջով բանակցային լեքսիկոնից հանվել են «ԼՂ-ի հակամարտություն» և «կարգավիճակ» եզրույթները. Ադրբեջանցի պաշտոնյաԱրտգործնախարար Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Երևանն անկեղծ չէ խաղաղության հասնելու գործընթացում։ Ճիշտ հակառակը՝ Միրզոյանը կասկածի տակ է դրել խաղաղության հասնելու՝ Բաքվի անկեղծությունը. «Նույնը կարելի է ասել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի գոյություն չունենալու վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունների մասին։ Նախ՝ որևէ մեկը չի կասեցրել և առանց այն սահմանող միջազգային ինստիտուտի համապատասխան որոշման չի էլ կարող կասեցնել համանախագահության միջազգային մանդատը, այն է՝ նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը»։
Ընդդիմադիրները կարծում են՝ Հայաստանի վարչապետը դեմ չէ, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում` հղում անելով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությանը, թե ԼՂ հայության անվտանգությունը երաշխավորող ցանկացած կարգավիճակ Հայաստանի համար պետք է լուծում համարվի։
«Դրան պատասխան այսօր տվեց Ալիևը: Այն, որ ամիսներ շարունակ ասում էինք, որ Ալիևը և Նիկոլը ունեն պայմանավորվածություն երկիրը կտոր-կտոր հանձնելու, և կային մարդիկ, ովքեր ասում էին` այդպես չէ», - երեկ երեկոյան հայտարարել է վարչապետի հեռացումը պահանջող պահանջող Դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ադրբեջանի նախագահը երեկ նաև ասել է՝ Բաքուն արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի հանձնաժողովը և նույնը ակնկալում է Հայաստանից։
Արդյոք առաջիկայում նման հանձնաժողով ձևավորվելո՞ւ է, ո՞վ է այն ղեկավարելու, մյուս հանձնաժողովականներն ովքե՞ր են, այս հարցերին ևս Արգործնախարարությունից դեռ պատասխան չենք ստացել։